Հունիսի 2-ին ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածում սպառնացել և թալանել են իրենց տեղափոխած տաքսու վարորդին ու մեքենայով հեռացել: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Նախաքննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ 2016թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանից Գյումրի մեկնելու պատրվակով նստել են Երևան քաղաքի բնակիչ Է.Բարսեղյանի անձնական օգտագործման «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենան, որը շահագործվել է որպես տաքսի։
Հունիսի 2-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածում, կուրսանտները, ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների, դանակներն օգտագործելով որպես զենք, հարձակվել են Է.Բարսեղյանի վրա, վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից հափշտակել ոսկյա մատանի, ոսկյա շղթա, կանխիկ գումար, որից հետո նրան թողնելով դեպքի վայրում՝ նշված ավտոմեքենայով հեռացել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (Ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ)։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կուրսանտները հայտնաբերվել են և ձերբակալվել։ Նախաքննությունը շարունակվում է։
Pingback: Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտի մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակում կատարելու համար | Ռազմ.info