Վրաստանի ՊՆ-ն բանակից հեռացրել է ընդդիմադիրներին ծեծելու սկանդալին մասնակցած զինծառայողին

Հունիսի 2-ին Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տարածել է նախարար Թինա Խիդաշելիի հայտարարությունը, ըստ որի՝ Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի զինծառայող, առաջին կարգի շարքային Լաշա Դվալիշվիլին հեռացվել է զինված ուժերից: Հեռացման պատճառը Կորցխելիի միջադեպին մասնակցությունն է:

Նշենք, որ մայիսի 22-ին Վրաստանի 5 շրջաններում տեղական ընտրություններ էին: Զուգդիդիի շրջանի Կորցխելի գյուղում իշխանության համախոհները ծեծել էին Վրաստանի «Միացյալ ազգային շարժման» (նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը) կուսակցության 3 առաջնորդներին:

Հաջորդ օրը վրաստանյան «PalitraNews» հեռուստաընկերության «360 աստիճան» հաղորդման ժամանակ Թինա Խիդաշելին մեկնաբանել էր ծեծկռտուքին զինծառայող Լաշա Դվալիշվիլիի մասնակցությունը: Խիդաշելին այն ժամանակ հայտնել էր, որ վերջինս պայմանագրային զինծառայող է:

«Հետաքննությունն արդեն սկսվել է: Նա շարքային է, ոչ թե սպա: Եթե սպա լիներ, նա արդեն զինված ուժերի շարքում չէր լինի: Այդ որոշումը ես դեռ առավոտյան կկայացնեի: Անթույլատրելի է, որ զինծառայողը մասնակցի նմանատիպ ակցիաների, եթե նույնիսկ ինքն արձակուրդում է: Ամոթ է, որ նման մարդը զինվորական համազգեստ է կրում»,— վստահեցրել էր Վրաստանի պաշտպանության նախարարը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *