Հունիսի 2-ին գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին և Մհեր Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնական դիրքը չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը:
Նշվում է, որ Չիլինգարյանին և Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, անզգուշությամբ ծանր հետեւանքներ են առաջացրել), Պապյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով ( Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում)։
Նույն օրը քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին ուշ երեկոյան ձերբակալվել էին ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը: Մայիսի 20-ին էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից։