Նազարյանի մայրը պահանջում է նոր քննություն, ներկայացվում են՝ նոր մեղադրանքներ. ամփոփում

Այսօր մամուլում տեղ էին գտել հետևյալ լուրերը՝ կայացավ ՀՀ ԶՈՒ լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան առնչությամբ գործի քննությունը, որն իր արձագանքն է գտել նաև «Բանակն իրականում» ֆեյսբուքյան խմբում, մեկ այլ դատական նիստում էլ անդրադարձ է կատարվել Ահարոն Հայրապետյանի մահվանը, որտեղ որպես մեղադրյալ կողմ է հանդես գալիս Աշոտ Կոսկանդելյանը, իսկ ասուլիսում իր ֆիլմերի նոր հավաքածուն է ներկայացրել արցախյան ազատամարտի բուլղարացի վավերագիր ռեժիսոր Ցվետանա Պասկալևան, Գավառը Հայոց բանակ ուղարկեց համայնքի՝ այս տարվա առջին նորակոչիկներին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնեց Ալմաթի, իսկ վաղը Հայոց բանակում կնշվի ռազմական բժշկի օրը։

Արտակ Նազարյանի մահվան առնչությամբ կայացած դատական նիստում մեղադրվող և տուժող կողմի իրավահաջորդները միաձայն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատախազին, որը մերժվել է դատարանի կողմից։ Սակայն, կողմերն այն կարծիքին են, որ գործը մինչ օրս սխալ ընթացք է ունեցել և այն պետք է վերաձևակերպել։ Դատարանը մերժել է ոչ միայն կողմերի՝ դատախազի ինքնաբացարկի մասին միջնորդությունը, այլև ստիպված է եղել լսել դատարանին ուղղված միջորդությունը, որի պահանջը կրկին ինքնաբացարկն էր։ Հիշեցնենք, որ պաշտոնական վարկածի համաձայն Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել, իսկ նրան ինքնասպանության դրդելու համար մեղադրանք է առաջադրվել նրա 5 ծառայակիցներին: Սակայն, Նազարյանի մայրը համոզված է, որ գործի ընթացքում ապացույցներ են ոչնչացվել։ Իսկ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի պատրաստած տեսանյութում մեղադրյալ Հակոբ Մանուկյանի հայրը տուժող կողմի իրավահաջորդներին հայտնում է, թե նրանց որդին իքնասպան է եղել նախկինում ադրբեջանցիների հետ համագործակցելու պատճառով։

Վերնոշյալ թեմայի առնչությամբ հրապարակում կա նաև «Բանակն իրականում» խմբում, որտեղ  նշվում է, որ մեղադրվող և տուժող կողմերի կողմից դատարան ներկայացված՝  դատախազի բացարկի մասին միջնորդության չընդունումը խոսում է քաղաքացիների իրավունքների բռնի ոտնահարման մասին։

Ինչ վերաբերում է Ահարոն Հայրապետյանի մահվան գործով դատավարությանը՝ նշենք, որ դեռևս գործում բավական անհայտ կողմեր կան, որոնք գուցե մասամբ հստակեցվեն նոյմբերի 22-ի նիստում։ Հիշեցնենք, որ Աշոտը մեղադրվում է Ահարոնին անզգուշաբար մահ պատճառելու մեջ, իսկ մեղադրվողը մի քանի անգամ՝ փաստաբանի խոսքերով, ճնշման տակ ընդունել է մեղք, ապա հրաժարվել իր ցուցմունքներից։

Մամուլն այսօր անդրադարձէլ էր նաև Ցվետանա Պասկալևայի ֆիլմերի նոր սկավառակին, որի հանրային ցուցադրությունը սպասվում  է առաջիկայում, իսկ ֆիլմերը աշխարհին կներկայացվեն 6 լեզվով։

Իսկ Գավառի զինկոմիսարիատից այսօր Հայոց բանակ մեկնեց Գավառի տարածքի համայնքների նորակոչիկների առաջին խումբը՝ թվով քսան հոգի: Նորակոչիկներին Գավառի զինկոմիսարիատում հանդիպեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, իսկ նորակոչիկներին Տերունական աղոթքով առողջություն, հաջողություն, կամք ու քաջություն մաղթեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Պշտպանության նախարարն էլ մեկնել է  Ղազախստան՝ մասնակցելու Ալմաթի քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որտեղ ակնկալվում է, որ կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր:

Իսկ նոյեմբերի 17-ը Հայոց բանակի օրացույցի տոնական օրերից է և կնշվի ռազմական բժիշկների օրը։

Սրանք այն հիմնական լուրերն էին, որոնք արժանացել էին մամուլի ուշադրությանը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *