Սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է, երկրորդը՝ ձերբակալվել

Մայիսի 25-ին մահացած ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Արայիկի Գևորգյանի սպանության գործով նոր զարգացումներ կան: Ինչպես մայիսի 31-ին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը, ձերբակալվել է նաև ժամկետային զինծառայող՝ ավագ սերժանտ Ս.Կարապետյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «կրծքավանդակի առաջային պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ ՊՆ զորամասերից մեկի բուժկետ էր ընդունվել սերժանտ Հակոբ Արայիկի Գևորգյանը: Վերջինս «Մեղրու ԲԿ» տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով, կազմվել է քննչական խումբ։

Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է եղել մի քանի զինծառայողի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ Նախաքննությամբ նշված միջադեպի ժամանակ ժամկետային զինծառայող Գ.Կոսոբոգլյանը ձեռքերով, ոտքերով հարվածել է Հ.Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածել նրա կրծքավանդակի ձախ հատվածին, ապա մարմնական վնասվածք պատճառել մեկ այլ զինծառայողի՝ շարքային Ա.Կարապետյանին։

Ապացույցների հիման վրա՝ Գ.Կոսոբոգլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկել), 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով)։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Պարզվել է նաև, որ նույն վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրվել նաև Գ.Կոսոբոգլյանի նկատմամբ։ Նրան ծեծելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայող՝ ավագ սերժանտ Ս.Կարապետյանը։ Նախաքննությունը շարունակվում է։

2 responses to “Սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է, երկրորդը՝ ձերբակալվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 29 մայիսի – 4 հունիսի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: [Լրացված] Զինծառայողի սպանության դեպքի առթիվ ձերբակալվել է կասկածյալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *