Այսօր՝ հունիսի 1-ին, Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան 7-րդ ռազմաբազայում մեկնարկել է ամառային ուսումնական փուլը: Հանդիսավոր միջոցառման ընթացքում զորամիավորման զինծառայողներին ներկայացվել են ուսումնական փուլի ընթացքում իրենց առաջադրանքները: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այս ուսումնական փուլի ընթացքում դաշտային պարապմունքների ժամանակ զինծառայողների մարտական պատրաստությանը կհատկացվի 1.5 անգամ ավել ժամ: Օրինակ՝ մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները զորավարժարանում գործնական պարապմունքներ են իրականացելու ավելի քան 2.5 շաբաթ:
Նշվում է, որ զինծառայողները ֆիզիկական պատրաստությունն անցնելու են Սև ծովում ռազմաբազայի հատուկ ջրավազանում: Մամուլի ծառայությունից հայտարարում են նաև, որ ուսումնական փուլի ընթացքում զինծառայողները 100 ավելի վարժանք են իրականացնելու, ինչպես նաև դաշտային պայմաններում հատուկ պարապմունքներ:
Ուսումնական փուլը սկսվել է նաև Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան 4-րդ ռազմաբազայում: ՌԴ Պն-ն տեղեկացնում է, որ մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ հյուրերին ներկայացվել է ռազմաբազայի սպառազինությունը, այդ թվում՝ Տ-90 տանկ, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա, «Ակացիա» ինքնագնաց հաուբից: