Մայիսի 31-ին Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ Պաշտպանության բանակը կամավորների մի մասին արդեն տվել է կանխավճար, սակայն կառավարությունը հաստատել է, որ մարտական ծառայության յուրաքանչյուր օրվա համար պետք է վճարել 5,000 դրամ՝ առանց եկամտային հարկի: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության կայքը:
«Որոշումը վերաբերում է առաջին հերթին չաշխատող քաղաքացիներին, իսկ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և պետական մասնակցությամբ հիմնարկ-ձեռնարկությունների այն աշխատակիցներին, որոնց աշխատավարձը ցածր է 150,000 դրամից, կտրամադրենք ստացած գումարի տարբերությունը: Ծրագրում ընդգրկված են նաև մի շարք խոշոր տնտեսվարող կազմակերպությունների աշխատակիցներ», — ասել է Հարությունյանը:
Այնուհետև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը զեկուցել է, որ համապատասխան մարմինների հետ ճշգրտվում են կամավորների ցուցակները, և հունիսի 6-ից «Արցախփոստի» միջոցով կսկսվի այդ գումարների տրամադրման գործընթացը:
«Ովքեր այդ ճշգրտումների արդյունքում չեն նույնականացվի, հունիսի 6-ից «Արցախփոստի» բաժանմունքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները կգրանցեն նրանց անձնագրային տվյալները, և արդեն հաջորդ փուլում կտրամադրենք նրանց գումարները ևս», — ասել է Ավանեսյանը:
Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել Պաշտպանության բանակի համապատասխան կառույցներին և շրջվարչակազմերին՝ համակարգված աշխատանք իրականացնելու համար, որպեսզի գործընթացը զերծ լինի բացթողումներից:
Հարությունյանը նշել է նաև, որ բանկերի ղեկավարների հետ համաձայնություն է ձեռքբերվել, ըստ որի՝ բանկային պարտավորություններ ունեցող կամավորները վարկերի մարման ժամկետների երկարաձգման հնարավորություն կունենան:
Նշենք, որ կամավորականներին ֆինանսապես աջակցելու վերաբերյալ Արցախի կառավարության որոշման մասին Արցախի վարչապետը հայտնել էր նաև մայիսի 27-ին՝ հարցազրույցի ժամանակ:
Կամավորականների վարձատրման վերաբերյալ Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ավելի ուշ հավելյալ մանրամասներ է ներկայացրել «Արցախպրես» գործակալությանը:
Նախարար Ավանեսյանի խոսքով՝ մասնավոր հատվածի փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատողներին, անկախ նրանից՝ ձեռնարկատերը վճարել է կամավորական ծառայության մեջ գտնվող իր աշխատողին, թե ոչ, պետության աջակցությունը տրվելու է ամբողջական չափով: Բացի այդ էլ, կամավորականների մարտական ծառայության ժամանակահատվածը հետագայում կներառվի աշխատանքային ստաժի մեջ, ինչը կհաստստի հարկային մարմնի շտեմարաններից տրամադրվող տեղեկատվությամբ:
Pingback: 2016-ին Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 5,5 մլրդ դրամ | Ռազմ.info