Մայիսի 30-ին Թուրքիայում մեկնարկել է ամենամյա «Անատոլիայի արծիվ-2016» (Anadolu Kartalı-2016) ՌՕՈւ միջազգային զորավարժությունը, որին ներգրավված են նաև Նիդեռլանդների, Պակիստանի, Իտալիայի, Սաուդյան Արաբիայի, ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը, ինչպես նաև Ադրբեջանի ԶՈւ ՌՕՈւ 3 օդաչու: Այս մասին մայիսի 30-ին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ մամուլի ծառայությունը:

ԱՄՆ ՌՕՈւ F-15C և Պակիստանի ՌՕՈւ F-16 կործանիչները Թուրքիայում անցկացված «Անատոլիայի արծիվ-2015/1» զորավարժությանը
Թուրքիայի ԶՈւ՝ Քոնիա քաղաքում տեղակայված ՌՕՈւ 3-րդ ավիաբազայում անցկացվող զորավարժության նպատակը ինքնաթիռներով և ուղղաթիռներով ռազմական գործողության իրականացման հմտությունների զարգացումը և վարժանքներին մասնակցող տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության խորացումն է, ինչպես նաև ստորաբաժանումների՝ հակաօդային պաշտպանության և որոնողափրկարարական ունակությունների բարձրացումը։
Նույն հաղորդագրությունում հրապարակվել է նաև մինչև հունիսի 10-ը շարունակվելիք զորավարժությանը մասնակցող երկրների տեխնիկայի քանակը և տեսակները:
Երկիրը | Ինքնաթիռներ | Քանակը |
---|---|---|
Նիդեռլանդներ | KDC-10 լիցքավորող ինքնաթիռ | 1 |
Պակիստան | F-16 կործանիչ | 6 |
Իտալիա | «Տորնադո» կործանիչներ | 8 |
Ս. Արաբիա | «Տորնադո» կործանիչներ | 8 |
ՆԱՏՕ | E-3A հեռահար ռադիոտեղորոշման ինքնաթիռ | 2 |
Թուրքիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանման կազմում ներգրավված են 6 միավոր F-4E 2020 կործանիչ, 35 միավոր F-16 կործանիչ, բեռնատար լիցքավորող KC 135 ինքնաթիռ, 2 միավոր CN-235 բեռնատար ինքնաթիռ, 2 միավոր AS-532 բազմանպատակային ուղղաթիռ, մեկ միավոր E-7T հեռահար ռադիոտեղորոշման և կառավարման ինքնաթիռ, 1 միավոր UH-1H «Իրոկեզ» բազմանպատակային ուղղաթիռ։
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարության ստորաբաժանման կազմում ներգրավված է 2 միավոր Т-129 АТАК թուրք-իտալական համատեղ արտադրության հարվածային-հետախուզական ինքնաթիռ, 2 միավոր բազմանպատակային Sikorsky S-70 ուղղաթիռ, ռազմածովային ուժերի ստորաբաժանման կազմում՝ 2 միավոր հրթիռային կատեր և մեկ ֆրեգատ։
Ավելացնենք նաև, որ «Անատոլիայի արծիվ» զորավարժությունն անցկացվում է 2001-ից՝ տարեկան երկուսից չորս անգամ։ 2014-ի ապրիլին անցկացված վարժանքներին մասնակցել են միայն Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները, մասնավորապես՝ ՌՕՈւ, ցամաքային զորքերի և ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները։
2015-ի հունիսին անցկացված զորավարժությանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ 4 երկրների և Պակիստանի ռազմաօդային ուժերը:
Pingback: Թուրքիան և Ադրբեջանը Կարսում համատեղ վարժանքներ են անցկացնում | Ռազմ.info