Մայիսի 31-ից Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն պայմանագրային զինծառայության անցնելու համար: Կարող են դիմել Վրաստանի 18-35 տարեկան այն քաղաքացիները, ովքեր արդեն պարտադիր ժամկետային կամ պայմանագրային հիմունքներով ծառայություն են անցել: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պայմանագրային զինծառայության ժամկետը 4 տարի է, որի ընթացքում զինծառայողն ամսեկան ստանալու է 950 լարի (~$430) աշխատավարձ: Աշխատավարձը կարող է փոփոխվել կոչումի, պաշտոնի և զինվորական ստաժի բարձրացմամբ:
Ընդունելության մեկնարկի հետ կապված Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին նշել է, որ 3 տարի Վրաստանում պայմանագրային հիմունքներով ընդունելություն չի արվել: «Այս տարի գործընթացը վերականգնվել է, արդեն 2 խումբ ընդունել ենք: Մոտ 600 զինծառայող պայմանագիր է կնքել, սակայն մենք չենք կարող հազարներով ընդունելություն անել», — մեկնաբանել է Խիդաշելին:
Հավելենք, որ պայմանագրային հիմունքներով ծառայության անցնելու համար նորակոչիկները պետք է 10 շաբաթ վերապատրաստման դասընթաց անցնեն, որը մեկնարկելու է 2016 թվականի սեպտեմբերի 19-ին:
Հիշեցնենք, որ պայմանագրայինների նախորդ՝ 432 հոգանոց խումբը հանդիսավոր երդում տվեց մայիսի 26-ին՝ Վրաստանի Անկախության օրը: