Վրաստանում անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Մայիսի 30-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի նախաձեռնությամբ անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում եղել է 3 հարց՝ Վարշավայի գագաթաժողովի պատրաստությունը, տարածաշրջանային, Հվ. Օսիայի և Աբխազիայի սահմանին անվտանգության հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև այդ երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին [նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արհամարհում էր նախագահի հրավերը—Razm.info]:  Ըստ հրապարակված նկարների՝ հանդիպմանը չի ներկայացել պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, պաշտպանական գերատեսչությունը ներկայացրել է միայն ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն:

Վրաստանում Ազգային անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները

Վրաստանում Ազգային անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները

Հավելենք, որ այս տարվա հուլիսի 8-9-ը Վարշավայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում վրաստանյան պատվիրակությունը ղեկավարելու է նախագահ Մարգվելաշվիլին:

Խորհրդի նիստի ավարտին Վրաստանի ԱԱԽ քարտուղար  Իրինա Իմերլիշվիլիին վերահաստատել է, որ նախագահն է ղեկավարելու պատվիրակությունը, հավելելով, որ գագաժաժողովին զուգահեռ անցկացվելու են նաև արտգործնախարարների և պաշտպանության նախարարների հանդիպում:

Նիստի օրակարգում է եղել նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի սահմանին անվտանգության հարցը: Խնդիրն այն է, որ ըստ Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության տվյալների՝ մայիսի 19-ին 4 անծանոթ մարդ Աբխազիայի սահմանին վիրավորել են Վրաստանի քաղաքացու, ով հիվանդանոցում մահացել է: Վրաստանն այս հարցով մեղադրում է Ռուսաստանին: ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ռուսաստանցի սահմանապահները միջադեպի հետ կապ չունեն:

Իր հերթին Աբխազիայի գլխավոր դատախազը նախնական տեղեկություններ է հաղորդել, որ «Վրաստանի քաղաքացին ոչ սթափ վիճակում փորձել է հատել սահմանը, սահմանապահները նրան կանգնեցրել են, վերջինս սպառնացել է սահմանապահներին խեղդել, սկսված վիճաբանության ժամանակ սահմանապահները ստիպված են եղել  կրակել վրաստանցու վրա»:

Վրաստանում այս հարցը ԱԱԽ նիստում քննարկելուց բացի, գլխավոր դատախազությունը դիմել է նաև Ինտերպոլին՝ կասկածյալին հետախուզության մեջ հայտարարելու համար:

Իրինա Իմերլիշվիլիին նիստի ավարտին հայտնել է նաև, որ Վրաստանի արտգործնախարարին, ներքին գործերի նախարարին և ազգային անվտանգության ծառայության պետին հանձնարարվել է վերոնշյալ խնդրի շուրջ հանդիպել Եվրամիության մոնիտորինգի առաքելության (EUMM) անդամներին և քննարկել ստեղծված իրավիճակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *