Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ. «Վրաստանը մտադիր է վերջնականապես հրաժարվել իր խորհրդային տեխնիկայից»

Մայիսի 25-ին Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտնել է, որ Վրաստանը մտադիր է վերջնականապես հրաժարվել խորհրդային տեխնիկայից և այժմ բանակցություններ է վարում ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ:

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն

«Սա անընդհատ գործողություն է: Մենք ուզում ենք թարմացնել մեր ռազմական տեխնիկան: Ուզում ենք վերջնականապես հրաժարվել խորհրդային արտադրության զինտեխնիկայից, որի պահպանումն ու հետագա շահագործումը դժվար է դրանց հին լինելու և բոլորին հայտնի [Նկատի ունի 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալը] պատճառներով: Բայց մենք չենք կարող դա միանգամից անել, դրա վրա հիմա աշխատում ենք: Կարևորը, որ ԱՄՆ-ի կողմից այդ ուղղությամբ պատրաստակամություն կա»,— հայտարարել է Կապանաձեն:

ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում Կապանաձեն անդրադարձել է նաև 2017 թվականի ամռանը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հնարավոր համատեղ զորավարժության անցկացմանը:
«Այո, նախատեսվում է, բայց կարող է ինչ-որ բան փոխվել… Կլինի լայնամասշտաբ զորավարժություն, որի գլխավոր հարցերը կլինեն հակաահաբեկչական պայքարն ու անվտանգությունը», — ասել է Կապանաձեն:

Ինչ վերաբերում է Կապանաձեի հայտարարությանը, թե Վրաստանը դժվարություններ է ունենում խորհրդային տեխնիկայի պահպանման և հետագա շահագործման համար ենթադրելի էր դեռևս 2015 թվականին, երբ պարզվեց, որ Վրաստանն Ադրբեջանին 15 Սու-25 գրոհիչ և դրանց վերանորոգման տեխնոլոգիաներ է վաճառել: 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմից հետո այդ երկրների միջև դիվանագիտական և առևտրատնտեսական հարաբերությունների սառեցումը հարցականի տակ էր դրել Սու-25 գրոհիչների արդիականացման համար Ռուսաստանից անհրաժեշտ մի շարք սարքավորումներ և մասնավորապես՝ Ռ-195 շարժիչներ ձեռք բերելու հարցը: Այժմ Վրաստանն իր ունեցած գրոհիչները փորձում է արդիականացնել, իսկ արդիականացված նոր գրոհիչներին արդեն տվել է «Ge-31 Բորա» անունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *