ՆԱՏՕ-ի՝ Վարշավայի գագաթաժողովում Վրաստանի պատվիրակությունը ղեկավարելու է այդ երկրի նախագահը

Այս տարվա հուլիսի 8-9-ը Վարշավայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում վրաստանյան պատվիրակությունը ղեկավարելու է այդ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:  Այս մասին մայիսի 26-ին հայտնում է վրաստանյան Interpressnews.ge լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլիին:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին

Ըստ ԱԱԽ քարտուղարի՝ առաջիկայում անցկացվելու է խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է գալիք գագաթաժողովը, դրան վերաբերող հարցերը:

Հավելենք, որ առաջին անգամ Դաշինքին գագաթաժողովին զուգահեռ անցկացվելու է նաև արտգործնախարարների մակարդակով «Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի» նիստ, որին մասնակցելու է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Այս մասին Վրաստանում անցկացված անվտանգության համաժողովի շրջանակներում հայտարարել էր Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

Նշենք, որ հուլիսի 8-9-ն անցկացվող գագաթաժողովում քննարկվելու է 2014 թվականին Ուելսի գագաթաժողովում Վրաստանին տրված համագործակցության փաթեթի կետերի իրականացման ընթացքը, Վրաստանի ձեռքբերումներն ու թերացումները:
Թեև Վրաստանում սպասելիքները բավական շատ են առաջիկա գագաթաժողովից, այնուամենայնիվ, վերջին մի քանի ամսվա, ինչպես նաև ավելի վաղ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններն այդքան էլ հուսադրող չեն, թե Վրաստանը Վարշավայում հնարավոր է ստանա ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան (MAP- Membership Action Plan ), առավել ևս՝ անդամակցություն։

Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հերթին, հասարակության հիասթափությունը, մանավանդ խորհրդարանական ընտրություններից առաջ [2016թ. հոկտեմբեր] մեղմելու համար սկսեց հայտարարել, որ Վրաստանն առաջիկա գագաթաժողովում չի պահանջելու MAP, այլ դնելու է հետագայում միայն անդամակցության հարցը։ Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարի ավելի վաղ հայտարարության՝ MAP-ը Վրաստանի համար անցյալ է։

Ընդամենը մի քանի օր առաջ էլ՝ մայիսի 19-ին, Ջեյմս Ապատուրայը Վրաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ «Դաշինքին անդամակցությունը քաղաքական որոշում է և այն կախված չէ միայն Վրաստանի զինուժից և բարեփոխումներից»: Մայիսի 24-ին իր հերթին նմանատիպ հայտարարություն արեց նաև Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, երբ Վրաստանում ավարտվում էր ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջազգային «Noble Partner-2016» (Ազնիվ գործընկեր) զորավարժությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *