Հայաստանի զինված ուժերի առաջին բանակային կորպուսում անցկացվել է ուժեղացված գնդային մարտավարական զորավարժություն, որին հետևել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։
- ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսի հրամանատարը ՀՀ պաշտպանության նախարարին և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալին ներկայացնում է գնդային զորավարժության ընթացքը
Բացի առաջադրված պաշտպանական և հակահարձակողական հիմնական ուսումնամարտական խնդիրներից ու նպատակներից, զորավարժության ժամանակ ուսումնասիրվել և փորձարկվել են ապրիլյան մարտական գործողություններից առանձնացված մի շարք մարտավարական կարևորության, ստորաբաժանումների փոխգործակցելիության, կրակային խոցման և այլ օրինակելի դրվագներ ու առանձնահատկություններ: Հետագայում այդ օրինակները հիմնավորված կերպով կտարածվեն ամբողջ զինված ուժերում:
Զորավարժության սցենարով նախատեսված ուսումնամարտակական գործողությունների ընթացքում ներգրավված ստորաբաժանումները առաջադրված խնդիրներն իրականացվել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պայմաններում:
Ամփոփելով զորավարժության արդյունքները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մատնանշել է առանձին դրվագների և ամբողջ զորավարժության ժամանակ աչքի ընկած առանձնահատկությունները, առավել դրական կողմով աչքի ընկած ստորաբաժանումներն ու նրանց հրամանատարներին:
Որպես ձեռքբերում առանձնացվել են հրամանատարների և շտաբների կառավարման ունակությունները, ստորաբաժանումների ճիշտ փոխհամագործակցության, հրամանատարների կողմից ստեղծված իրադրությունում արագ կողմնորոշվելու և համապատասխան որոշումներ կայացնելու բարձր մակարդակը, զինծառայողների արհեստավարժ գործողություններն ու բարձր մարտական ոգին:
Հատուկ շեշտվել են հրետանային ստորաբաժանումների` բարձր մակարդակով իրականացրած գործողությունները, կրակային միջոցների խոցման բարձր աստիճանը: