ՀԱՊԿ երկրները ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգը կօգտագործեն համատեղ

Այսօր՝ մայիսի 20-ին՝ Տաջիկստանում ՀԱՊԿ ռազմատնտեսական կոմիտեի 14-րդ նիստի ժամանակ, կազմակերպության անդամ պետությունների պատվիրակները որոշել են ռուսաստանյան ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգն օգտագործել համատեղ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է նիստը նախագահող, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Բացի այդ, ըստ Ռոգոզինի, կողմերը որոշել են նաև ռազմական տեխնիկայի նորոգման համատեղ ձեռնարկություն ստեղծել:

ՀԱՊԿ կայքն իր հերթին տեղեկացնում է, որ նիստի ընթացքում որոշվել է համաձայնություն տալ նաև նախագծի, որի հիման վրա որոշվելու է ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմարդյունաբերական այն ձեռնարկությունների ցանկը, որոնք կարող են արտադրական շղթա կազմել ռազմական նշանակության արտադրատեսակների թողարկման համար:

Նախագիծը, որը ներկայացվելու է ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների խորհրդի հաստատմանը, զարգացնելու է այդ ձեռնարկութունների միջև կապերը և պահպանելու է ձեռնարկությունների մասնագիտացվածությունը:

Ավելի վաղ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր հայկական զինուժի պատվիրակության մասնակցությունը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմիտեին, ապա ՀԱՊԿ կայքի հրապարակման համաձայն, այն ստեղծվել է կազմակերպության անվտանգության խորհրդի դեռևս 2005թ. որոշման հիման վրա: Կոմիտեի նպատակն է կապեր պահել ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միջև՝ դրանց համատեղ աշխատանքները կազմակերպելու համար:

Այսօրվա՝ մայիսի 20-ի նիստին որոշվել է կոմիտեի հաջորդ նիստ անցկացնել 2017թ. մայիսին Ղրղզստանում:

Ավելացնենք, որ ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգը ամերիկյան GPS համակարգի ռուսաստանյան անալոգն է։ Նավիգացիոն համակարգերն օգտագործվում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար, իսկ Ռուսաստանն իր զինված ուժերի նավիգացիոն կարիքների բավարարումը չէր կարող իրականացնել GPS համակարգի միջոցով։ Ուստի նավիգացիոն սեփական ենթակառուցվածք ունենալու համար Ռուսաստանը ստեղծել է ԳԼՈՆԱՍՍ-ը (ռուս.՝ ГЛОНАСС: Глобальная навигационная спутниковая система):

2 responses to “ՀԱՊԿ երկրները ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգը կօգտագործեն համատեղ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 15–21 մայիսի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Բելառուսի պատվիրակությունը ՀՀ ՊՆ-ում կներկայացնի նավիգացիոն սարքեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *