Վրաստանի պաշտպանության նախարար. «Վրաստանը Ֆրանսիայից ՀՕՊ համակարգերը կստանա 2017 թվականին»

Մայիսի 19-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ռուսաստանյան «Վզգլյադ» թերթի լրագրողի հետ զրույցում հայտնել է, որ Վրաստանը Ֆրանսիայից հակաօդային պաշտպանության համակարգերը կսկսի ստանալ 2017 թվականից։

Թինաթին Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքում

Թինաթին Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքում
Նկարը՝ 2015թ.

«Ֆրանսիական անվտանգության հովանոցը Վրաստանի համար գոյություն ունի։ Գլխավոր նպատակին հասել ենք, մենք ստացել ենք Վրաստանի հակաօդային պաշտպանությունն ապահովելու հիմքը։ Այս համակարգը լիովին համատեղելի է ՆԱՏՕ-ի չափանիշների հետ»,— վստահեցրել է Խիդաշելին։

Վերջինս հայտնել է նաև, որ նախորդ տարի Ֆրանսիայում կնքված պայմանագիրներն իրենց պահանջներն ունեն, որոնք էլ հստակեցրել են զինտեխնիկայի տրամադրման ժամկետները։

Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 15-ին Փարիզի 51-րդ միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր էր կնքել, հավանաբար, հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։ Այս մասին հայտնում էր Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ չներկայացնելով սակայն պայմանագրի մասին մանրամասներ։ Թեև հաղորդագրության մեջ չէր մասնավորեցվում՝ հատկապես ինչ տեսակի հակաօդային պաշտպանության միջոցի մասին է խոսքը, սակայն հրապարակված լուսանկարներից և տեսանյութից երևում է, որ վրաստանյան կողմին ներկայացվում է ThalesRaytheonSystems ընկերության փոքր հեռահարության Crotale զենիթահրթիռային համալիրը և Ground Master 200 միջին հեռահարության ռադիոտեղորոշման կայանը: Չի բացառվում, որ խոսքը հենց այս միջոցների մասին է:

Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին և MBDA-ի գլխավոր տնօրեն Անտուան Բուվիեն (Antoine Bouvier)։

Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին և MBDA-ի գլխավոր տնօրեն Անտուան Բուվիեն (Antoine Bouvier)։
Նկարը՝ 2015թ.

Ընդամենը մի քանի ամիս հետո՝ հուլիսի 10-ին, Վրաստանի պաշտպանության նախարարը դարձյալ Փարիզում հրթիռներ արտադրող եվրոպական MBDA ընկերության գլխավոր տնօրեն Անտուան Բուվիեի (Antoine Bouvier) հետ կնքեց ևս մեկ պայմանագիր։ Այս պայմանագրի մանրամասների վերաբերյալ ևս տեղեկություններ չհաղորդվեցին ։ Վրաստանյան կողմը հայտնեց միայն, որ այս պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից (2015թ. հուլիսի 10), իսկ պայմանագրի իրականացումը սկսվելու է 2016 թվականի հունվարի 1-ից։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենամսյա տեղեկատվական-վերլուծական «Արտասահմանյան ռազմական տեսություն» (Зарубежное военное обозрение.) ամսագրի 2015 թվականի , №11 համարում «Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարության առաջնահերթությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար» հոդվածում, այնուամենայնիվ, նշված է, որ «…ընթացիկ տարվա կեսերին Ֆրանսիան պատրաստակամություն հայտնեց տրամադրել նրան [նկատի ունի Վրաստանին-Razm.info] Ground Master ռադիոտեղորոշման կայան և կարճ հեռահարության «MICA» զենիթահրթիռային համալիրներ»։

Այս տեղեկությունը հիմք է տալիս ենթադրելու, որ ThalesRaytheonSystems ընկերությունից Վրաստանը հնարավոր է գնելու է ռադիոտեղորոշման կայանը, իսկ MBDA-ից արդեն զենիթահրթիռային համակարգը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *