Մայիսի լույս 20-ի գիշերը հանգիստ է անցել՝ չնայած դիպուկահարների կիրառմանը

Մայիսի լույս 20-ի գիշերը Արցախի շփման գծում պահպանվել է նախօրեին հաստատված համեմատաբար հանգիստ իրադրությունը: Հակառակորդը հիմնականում կրակել է հրաձգային զինատեսակներով՝ որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նշենք, որ նախօրեին նույնպես հանգիստ է եղել առաջնագծում. հակառակորդը կրակել է միայն հրազենով:

Չնայած դրան՝ նույն օրվա երեկոյան թշնամին հրդեհել է միջդիրքային տարածքի խոտածածկույթը՝ հայկական կողմին ու մասնավորապես սահմանամերձ ցանքատարածություններին վնաս պատճառելու նպատակով:

ՀՀ ՊՆ կայքն իր հերթին տեղեկացնում է, որ մայիսի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում Ադրբեջանի զինուժը անկանոն կրակել է հրաձգային զինատեսակներով:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *