Պաշտոնից ազատվել է Վրաստանի պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի տնօրենը

Մայիսի 18-ին հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի տնօրեն Ուչա Ձոձուաշվիլին։ Այս մասին հայտնում է վրաստանյան Interpressnews.ge լրատվական կայքը՝ հղում անելով Վրաստանի ՊՆ-ին։

«Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ուչա Ձոձոուաշվիլին ամփոփում է 2015 թվականը

«Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ուչա Ձոձոուաշվիլին ամփոփում է 2015 թվականը
Նկարը՝ 2015թ.

Աղբյուրի հավաստմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունում բացատրել են, որ Ձոձուաշվիլիի պաշտոնանկության պատճառը Կախեթի շրջանում «Դելտայի» արտադրած հակակարկտային կայանների օգտագործման հետ առաջացած խնդիրներն են։ Պն-ից հայտնել են նաև, որ «Դելտայում» հետաքննություն է իրականացնում, արդեն գլխավոր տեսչություն է ուղարկվել։

Խնդիրն այն է, որ Կախեթի շրջանում հորդառատ անձրևներն ու կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը։ Դեռևս 2015թ. մայիսից Կախեթիում սկսեցին գործել «Դելտայի» արտադրած հակակարկտային կայանները, որոնք կարողանում են հայտնաբերել և վաղ շրջանում վերահսկել կարկտաբեր ամպերը։

Հատկանշական է, որ կայանների տեղադրման ընթացքը համընկավ Վրաստանում անձրևային շրջանների հետ, այդ թվում՝ Թբիլիսիում ջրհեղեղի հետ (2015թ. հունիսի 13)։ Այդ ժամանակ քննարկվում էր, որ հորդառատ անձրևների և առաջացած խնդիրների պատճառը հակակարկտային կայանն է։ «Դելտայում» պատասխանեցին այս քննարկումներին՝ նշելով, որ իրենք կարող են վերահսկել կարկտաբեր ամպերը միայն վաղ շրջանում, իսկ կայանի կրակելուց հետո միայն անձրև է տեղում։

Մայիսի 19-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին մեկնաբանել է ստեղծված իրավիճակը, անդրադարձել Ձոձուաշվիլիի ազատմանը։ «Եթե հետաքննության արդյունքում խանգարումներ չհայտնաբերվեն, ապա նա կվերադառնա իր պաշտոնին»,— հայտարարել է Խիդաշելին։

Խիդաշելին ներկայացրել է նաև, որ այսպիսի որոշում է կայացվել խնդրի՝ հասարակական մեծ հետաքրքրություն առաջացնելու պատճառով։ «Վերջին երեք շաբաթների ընթացքում պաշտպանության նախարարությանը բազմաթիվ հարցերի էին ուղղում, և իրական իրավիճակը ցույց տալու համար հետաքննութուն է տարվում։ Իսկ ինչ վերաբերում է այն տեղեկությանը, որ համակարգի [հակակարկտային] համար ժամանակին հրթիռներ չեն գնվել, սուտ է։ Գումարը հաշվեհամարին է փոխանցվել փետրվարի 17-ին»,— ներկայացրել է Խիդաշելին։

«Դիդգորի» զրահամեքենայի վրա տեղադրված հակակարկտային կայանը

«Դիդգորի» զրահամեքենայի վրա տեղադրված հակակարկտային կայանը

Խիդաշելին հրաժարվել է մեկնաբանել Ձոձուաշվիլիի այն հայտարարությունը, որ վերջինս ՊՆ-ի հետ հաղորդակցվելու հնարավորություն չի ունեցել։ Ըստ Խիդաշելիի՝ նա անհրաժեշտ չի համարում մեկնաբանել իր ենթակաների հայտարարությունները։

Իր հերթին Ձոձուաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ աշխատանքի, եթե հետաքննությունից հետո ՊՆ-ն նման որոշում կայացնի։ Իսկ ինչ վերաբերում է «Դելտայի» հասցեին հնչեցրած մեղադրանքներին, թե գումարը ժամանակին փոխանցվել է, Ձոձուաշվիլին հայտնել է, թե Վրաստանի ֆինանսների նախարարությունը «Դելտային» անհրաժեշտ գումարը փոխանցել է մարտի 10-ին և դրա իսկությունն ապացուցող փաստաթղթեր կան։

«Պաշտպանության նախարարությունից ֆինանսների նախարարություն գումարի հարցումն ուղարկվել է փետրվարի 18-ին, փետրվարի 19-ին գումարը ոչ ամբողջությամբ փոխանցվել է։ Ամբողջական գումարը հաշվին նստել է մարտի 10-ին»,— մեկնաբանել է Ձոձուաշվիլին։

Հիշեցնենք, որ Վրաստանի Կախեթի շրջանում տեղադրվել է 86 միավոր հակակարկտային կայան և կրակի կառավարման կենտրոն։ Համակարգը ստեղծվել է 2014-15թթ., պետբյուջեից հատկացվել է մոտ 20 մլն լարի (մոտ 10 մլն ամերիկյան դոլար)։ Կախեթի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ 2015 թվականին, երբ փորձարկվում էր կայանը, օգտագործվել են մակեդոնական և բուլղարական արտադրության հրթիռներ։ Իսկ ահա 2016թ-ից «Դելտան» պիտի կայանի համար ինքնուրույն արտադրեր հրթիռները։

One response to “Պաշտոնից ազատվել է Վրաստանի պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի տնօրենը

  1. Pingback: Վրաստանյան ԶԼՄ. «Արաբական Միացյալ էմիրությունները «Դելտայից» մարտական մոդուլներ է գնել» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *