Ապատուրայ. ՆԱՏՕ-ին անդամակցությունը քաղաքական որոշում է, կախված չէ Վրաստանի բարեփոխումներից

Մայիսի 19-ին Հարավային Կովկասում և Կնետրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հարցազրույց է տվել Վրաստանի Հանրային հեռուստաընկերությանը՝ պատասխանելով ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Վրաստանի հեռանկարների մասին հարցերին։

Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն է

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը և Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրագրողը
Նկարը՝ 2015թ. փետրվար

«Մեր գլխավոր նպատակը գագաթաժողովին պատրաստվելն է։ Հիմա մենք աշխատում ենք ընդլայնման և «Էական փաթեթի» [2014թ. Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթը. Substantial NATO-Georgia Package—Razm.info] նոր տարրերի կատարման վրա։ Մենք աշխատում ենք այն առաջարկությունների ուղղությամբ, որոնք արել է պաշտպանության նախարարը [նկատի ունի Վրաստանի պաշտպանության նախարարին-Razm.info] և վերլուծում ենք այն, ինչ կատարվում է հիմա տարածաշրջանոմ։ Սա Վարշավայի [գագաթնաժողովի-Razm.info] պատրաստությունն է։ Մենք ՆԱՏՕ-ում ասում ենք, որ քանի դեռ չլինի համաձայնություն, ոչինչ որոշված չէ։ Գաղափարները քննարկման փուլում են, դրանք ներառում ենք հաջորդ տարում ավելի լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց կմասնակցեն ՆԱՏՕ-ի բոլոր անդամ պետությունները։ Երբ այդ գաղափարները վերջնական տեսք ստանան, կհրապարակենք»,— ասել է Ապատուրայը։

Ապատուրայը հայտնել է նաև, որ պետք չէ կենտրոնանալ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան (MAP) ստանալու, այլ աշխատեն ապագայում անդամակցություն ձեռբերելու ուղղությամբ։

«Գագաթաժողովի ժամանակ այն [ նկատի ունի MAP-ը-Razm.info] չեն տա Վրաստանին, ինչը վերահսկում է Վրաստանի կառավարությունը… Դաշինքին անդամակցությունը քաղաքական որոշում է և այն կախված չէ Վրաստանի զինուժից և բարեփոխումներից»,— նշել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։

Մայիսի 18-19-ը Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ Վրաստանի վերաբերյալ հարցի շուրջ հայտարարել էր, որ Վարշավայի գագաթաժողովում Դաշինքը կքննարկի Վրաստանի ձեռքբերումները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

«Համոզված եմ, որ հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կհաստատի այն զարգացումը, որին հասել է Վրաստանը և ևս մեկ անգամ պատրաստակամություն կհայտնի Վրաստանին ցուցաբերել ուժեղ քաղաքական աջակցություն, աշխատել Վրաստանի հետ իրականացվող բարափոխումների ուղղությամբ, ուժեղացնել Վրաստանի հնարավորությունները զինված ուժերի արդիականացման տեսանկյունից… մենք կշարունակենք աշխատել բարեփոխումներ կատարելու ուղղությամբ և կօգնենք Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին»,— հայտարարել էր Ստոլտենբերգը։

Հարկ է նշել, որ սա Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչի այսօրինակ առաջին հայտարարությունը չէ։ Ապատուրայը մի քանի անգամ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում գրգռել Ռուսաստանին և «վտանգել» Վրաստանին ինչ-որ որոշումներով։ Իսկ ընդամենը վերջին մի քանի ամսվա հարցազրույցներում Ապատուրայը շեշտում է, որ Վրաստանը 2016 թվականի Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ MAP չի ստանա, ավելի լավ է բարեփոխումներ կատարի ու պատրաստվի անդամակցության։ Ապատուրայը մեկ այլ հարցազրույցում նշել էր, որ 2008 թվականի հակամարտությունը բարդեցնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ «Իհարկե դա չի պատահի վաղը [նկատի ունի անդամակցությունը—Razm.info], բայց կկատարվի ամեն դեպքում»,— ասել էր Ապատուրայն ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում։

Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հերթին, հասարակության հիասթափությունը, մանավանդ խորհրդարանական ընտրություններից առաջ մեղմելու համար սկսեց հայտարարել, որ Վրաստանն առաջիկա գագաթաժողովում չի պահանջելու MAP, այլ դնելու է հետագայում միայն անդամակցության հարցը։ Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարի ավելի վաղ հայտարարության՝ MAP-ը Վրաստանի համար անցյալ է։

Տեղեկանք ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքի՝
MAP-ը հաստատվել է 1999 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ որպես Դաշինքի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալ ցանկացող երկրների միջև համագործակցության ձևաչափ։ MAP-ը պահանջարկների ցուցակ է, որն անհրաժեշտ է կատարել մինչև ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալը։ Չնայած այդ պահանջների կատարումը դեռ չի նշանակում, որ երկիրը կարող է ավտոմատ մտնել ՆԱՏՕ։ Այն ընդամենը ևս մեկ քայլ է, որը մոտեցնում է հնարավոր անդամակցությանը երկրին։

 

One response to “Ապատուրայ. ՆԱՏՕ-ին անդամակցությունը քաղաքական որոշում է, կախված չէ Վրաստանի բարեփոխումներից

  1. Pingback: ՆԱՏՕ-ի՝ Վարշավայի գագաթաժողովում Վրաստանի պատվիրակությունը ղեկավարելու է այդ երկրի նախագահը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *