Մարտակերտի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումը կրակոցներ չի արձանագրել

Մայիսի 19-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի արևելյան ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Հայ-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ ներկայացուցիչները նախորդ դիտարկումն իրականացրել էին մայիսի 11-ին Թալիշի ուղղությամբ: Այն ժամանակ նույնպես կրակոցներ չէին արձանագրվել:

Հաջորդ օրը՝ մայիսի 12-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ դիտարկումից ժամեր անց Ադրբեջանի զինուժի կրակոցներից առաջնագծի նույն ուղղության վրա ՊԲ զինծառայող է զոհվել, ինչը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ ներկայիս ձևաչափով իրականացվող դիտարկումներն արդյունավետ չեն: Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև, որ շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը նմանատիպ միջադեպերի կանխարգելման արդյունավետ գրավականներից է:

Մայիսի 16-ին արդեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների քննարկման ժամանակ մասնավորապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման քայլեր ձեռնարկելու համաձայնություն է ձեռք բերվել:

Այսօրվա՝ մայիսի 19-ի դիտարկումն Արցախի պաշտպանության բանակի դիրքերից իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ, գնդապետ Անդրեյ Բարաշկինը (Ռուսաստան): Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար, գնդապետ Հանս Լամպալզերը (Ավստրիա)։

One response to “Մարտակերտի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումը կրակոցներ չի արձանագրել

  1. Pingback: Սեյրան Օհանյանը Կասպրշիկին տեղեկացրել է առաջնագծի իրավիճակի մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *