Յուրի Խաչատուրովը մասնակցել է ՆԱՏՕ-ի Աֆղանստանի առաքելության մասին քննարկմանը

Մայիսի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հանդիպման ընթացքում անցկացվել է երկու նիստ` Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված պետությունների ձևաչափերով:

«Վճռական աջակցություն» ձևաչափով նիստը նվիրված է եղել Աֆղանստանում կոալիցիոն երկրների ռազմական հանձնառությունների շուրջ կարծիքների փոխանակմանը և պլանավորման ուղենիշների համաձայնեցմանը:

«Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև օպերատիվ համատեղելիության զարգացմանը և միջազգային կայունության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Նշենք, որ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայություն է անցկացնում Հայաստանի զինված ուժերի 131 խաղաղապահ զինծառայող, որոնք խաղաղապահ առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյուսիսային հրամանատարության կազմում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *