Մայիսի 17-ից 19-ը ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները Բելառուսում կմասնակցեն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։
Բանակցությունները կայանալու են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ուժերի ու միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016թ. պլանի համաձայն:
Դեռևս մարտի 28-29-ին ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվել էին ՀԱՊԿ այս տարվա օպերատիվ և մարտական համատեղ միջոցառումների վերաբերյալ առաջին շտաբային քննարկումները` կառույցի անդամ 6 պետությունների պատվիրակությունների մասնակցությամբ:
ՀԱՊԿ համատեղ խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2016» զորավարժությունն անցկացվելու է Բելառուսում՝ այդ երկրի ՊՆ ղեկավարությամբ: Նախորդ տարի «Անսասան եղբայրություն» զորավարժությունն անցկացվել էր Հայաստանում։