Այսօր՝ մայիսի 16-ին, Նորիո ռազմաբազայի զորավարժարանում մեկնարկել է Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնի (JTEC) առաջին դաշտային զորավարժությունը։ Վարժանքներին մասնակցում է Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության 5-րդ հետևակային բրիգադի 51-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը։
«Սա Վրաստանի զինված ուժերի համար կարևոր օր է։ Այսօրվա դաշտային զորավարժության ժամանակ գնահատվելու են հետևակային վաշտի զինծառայողները, որից հետո գնահատվելու են նաև մյուս ստորաբաժանումները։ Այս գնահատականն ամրագրվելու է ՆԱՏՕ-ի փաստաթղթում, որը ներկայացվելու է Վարշավայի գագաթաժողովի ժամանակ»,— այս մասին հայտնել է բացմանը մասնակցած ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Օմար Բեգոիձեն։
Վարժանքներին հետևել են նաև համատեղ ուսումնական կենտրոնի հրամանատար, գնդապետ Գրիգոլ Չելիձեն, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից կենտրոնի ղեկավար, փոխգնդապետ Օլե Քրիստիան Էմաուսը։
Տեղեկացնենք, որ Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնում առաջին տակտիկական զորավարժությունն անցկացվել է 2016 թ. ապրիլի 4-14-ը։ Այն նախատեսված էր վրաստանցի և ուկրաինացի սպաների համար։ Դաշտային զորավարժություն նորաբաց կենտրոնում մինչ այդ չէր իրականացվել։
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի օգոստոսի 27-ին Վրաստանի «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնում պաշտոնապես բացվեց Վրաստան-ՆԱՏՕ ուսումանական կենտրոնը։ Այն 2014թ. Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի շրջանակներում իրականացված ծրագրերից մեկն էր։ Կենտրոնի համար ենթակառուցվածքների կառուցման և վերջնական տեսքի բերման աշխատանքները շարունակում են մինչ օրս։ Կենտրոնի մաս են նաև Վազիանի զորավարժարանի տանկադրոմը, Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի մի մասը։