Մայիսի 15-ին՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, քննարկվել է համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը, և Վրաստանը պատրաստակամություն է հայտնել 2017 ապրիլին անցկացնել մի քանի համատեղ զորավարժություն, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում: Այս մասին հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
Խիդաշելին լրագրողներին հայտնել է նաև, որ երեք երկրների պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը անցկացվելու է Վրաստանի Բաթումի քաղաքում: Հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել եռակողմ ռազմական համագործակցության հուշագիր:
Վրաստանի պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև Արցախյան հակամարտությանը և Հայաստան-Վրաստան հարաբերություններին՝ նշելով, որ Վրաստանի համար ամենակարևորը տարածաշրջանում խաղաղության պահպանումն է: Վերջինս նաև նշել է, որ Հայաստանի հետ իրենք ունեք բարեկամական հարաբերություններ, բայց ոչ ռազմավարական, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ ռազմավարական հարաբերություններ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը, ապա այն անցկացվել է մայիսի 15-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ կայքում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են զինված ուժերի մարտունակության և մարտական պատրաստության բարձրացման համար համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր: Ընդգծվել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը կիբերանվտանգության, ինչպես նաև նավթագազամուղների անվտանգության ոլորտում:
Բացի այդ քննարկվել են Արցախյան հակամարտությունը և զորքերի շփման գծում ապրիլի սկզբին տեղի ունեցած մարտերը:
Նույն օրը Զաքիրը Հասանովը հանդիպել է Վրաստանի ՊՆ նախարար Թինաթին Խիդաշելիին: Կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության ընդլայմանը, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:
Մայիսի 15-ին հանդիպել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ նախարարներ Զաքիր Հասանովը և Իսմեթ Յըլմազը: Քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության և տարածաշրջանային հարցեր:
Pingback: Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ.«Վրաստանը մտադիր է վերջնականապես հրաժարվել իր խորհրդային տեխնիկայից» | Ռազմ.info