Ռազմաշաբաթ. Հայաստան. 8–14 մայիսի, 2016

Շաբաթն առաջնագծում․ հայկական զինուժն ունի 1 զոհ, 1 վիրավոր • ՀՀ ԶՈւ-ն Վայոց ձորում չեզոքացրել է հետախուզական ԱԹՍ • ՊԲ հրամանատարն անդրադարձել է ապրիլին հայկական կողմի խոցած ԱԹՍ-ներին • Նախագահը ստորագրել է զորակոչի և զորացրման հրամանագիրը • Հաջորդ շաբաթ նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում • ՀՀ ՊՆ խոսնակը ներկյաացրել է պարգևատրված զինծառայողների սխրանքները • Եռատոնին ՀՀ նախագահն այցելել է «Եռաբլուր» • Թալիշում անցացվել է ԵԱՀԿ դիտարկում • ԵԱՀԿ, ԵՄ ներկայացուցիչներին ներկայացվել է առաջնագծի իրավիճակը • Նախարար Օհանյանըտ եղել է ռազմարդյունաբերական ձեռնարկություններում • Մ․ Մելքոնյանի վարժարանը հայտարարել է ընդունելություն • Ձերբակալվել է ՀՀ ԶՈւ ավտոծառայության պետը • Օրենքի նախագծով կամավորականները կպահպանեն իրենց աշխատատեղը • Նախարար Օհանյանն ընդունել է ԱՊՀ ՊՆ-ների խորհրդի քարտուղարին • ՀՀ ԶՈւ ԳՇ պատվիրակները մեկնել են Ղրղզստան • Նախարար Օհանյանն անդրադարձել է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը • ՌԴ ԶՈւ ավիախումբը զորավարժություն է սկսել Հայաստանում

Եռատոնի կապակցությամբ ՀՀ ղեկավարության այցը «Հաղթանակ» զբոսայգի

Եռատոնի կապակցությամբ ՀՀ ղեկավարության այցը «Հաղթանակ» զբոսայգի

• Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինուժն Արցախի դիրքերի ուղղությամբ կրակել է հրազենով, նռնականետներով և ականանետներով (մայիսի 9, մայիսի 10, մայիսի 11, մայիսի 12, մայիսի 13, մայիսի 14)։ Հրազենով հակառակորդը կրակել է նաև Հայաստանի հյուսիսարևելյան սահմանների ուղղությամբ։ Հայկական կողմը հիմնականում պատասխանել է նպատակային խախտումներին։

Մայիսի 11-ի երեկոյան թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Արմեն Հրայրի Մարտիրոսյանը։

Մայիսի 13-ի երեկոյան սրել է առաջնագծի դրությունը և ականանետներով ինտենսիվ կրակել Մարտակերտի և Թալիշի ուղղություններում։

Մայիսի 14-ին Արցախի հյուսիսային դիրքերից մեկում թշնամու կրակոցից ծանր վիրավորվել է ՊԲ զինծառայող Հովհաննես Էդուարդի Պողոսյանը։ Մայիսի 15-ին վիրավոր զինծառայողին Արցախից տեղափոխել են Երևան:

Մայիսի 14-ի երեկոյան Նախիջևանի ուղղության սահմանային դիրքերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը:

• Մայիսի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում ՀՀ զինված ուժերի ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումները չեզոքացրել են հետախուզական անօդաչու թռչող սարք, որի պատկանելության մասին տվյալներ չեն հրապարակվել։

• Մայիսի 7-ին ՊԲ հրամանատար Լյովա Մնացականյանը նույնպես անդրադարձել է ԱԹՍ-ների խոցման թեմային և նշել, որ ապրիլյան մարտերի ընթացքում հայկական զինուժն ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը խոցել է հիմնականում հրաձգային զենքերով, գնդացիրներով: Եվս մի քանի ԱԹՍ հայկական զինուժը խոցել է հակաօդային պաշտպանության միջոցներով:

• Մայիսի 13-ին ՀՀ նախագահը ստորագրել է 2016 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը։ Զորակոչն ու զորացրումը կանցկացվեն մայիս-հուլիս ամիսներին։

• Մայիսի 12-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրության համաձայն՝ համանախագահող երկրների ԱԳ նախարարները պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը մյուս շաբաթ Վիեննայում։

«Նրանց (Հայաստանի և Ադրբեջանի նախագահների — խմբ) հիմնական խնդիրը լինելու է հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը և վստահություն ձեռք բերելու ուղիներ փնտրելը, որը կվերականգնի բանակցային գործընթացը՝ հիմնախնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ», — նշված է հաղորդագրության մեջ:

Մայիսի 14-ին ՀՀ նախագահի կայքը հաղորդագրություն է հրապարակել, ըստ որի՝ մայիսի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:

• Մայիսի 10-ին և 11-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է ապրիլի 2-5-ը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ պետական պարգևներով պարգևատրման արժանի զինծառայողների անվանացուցակը։ Հրապարակումներում նշված են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով պարգևատրված 6 զինծառայողի, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված 13 զինծառայողի, «Արիության համար» մեդալով պարգևատրված 52 զինծառայողի, «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրված 8 զինծառայողի անուն և կատարած գործողություններ։

• Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձների կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգի և ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին: Նույն օրը նախագահ Սարգսյանն այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

• Մայիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը զորքերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացրել Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: Դիտարկման ընթացքում կրակոցներ չեն արձանագրվել: Մինչ դիտարկումը՝ մայիսի 10-ին, ՊԲ հրամանատար Լյովա Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ դիտարկման մասնակցող Անջեյ Կասպրշիկին ու ներկայացրել առաջնագծի իրավիճակը։

• Մայիսի 12-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Գերմանիայի կառավարության` ԵԱՀԿ գերմանական նախագահության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի պետ Թոմաս Լենկին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Տոնոյանը նշել է, որ ԵԱՀԿ ներկայիս ձևաչափով իրականացվող դիտարկումներն արդյունավետ չեն, և Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարը: Շեշտվել է, որ շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը նմանատիպ միջադեպերի կանխարգելման արդյունավետ գրավականներից է:

• Մայիսի 10-ին էլ ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն ընդունել են Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերին, ներկայացրել հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը և Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով բանակցային գործընթացին հասցված վնասը։

• Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում, ինչպես նաև ձեռնարկություններից մեկում մասնակցել է նոր արտադրամասի բացմանը: Պաշտպանության նախարարին ներկայացվել են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների թողարկած նոր արտադրատեսակները, առաջիկա ծրագրերն ու աշխատանքային հիմնական ուղղությունները:

• ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարել է 2016-2017 ուսումնական տարվա ընդունելություն։ Վարժարանի, ընդունելության կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին այստեղ:

• Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանական գերատեսչության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև իրականացվող համագործակցության հարցեր:

• Մայիսի 11-ին ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը։ Հարուցվել է քրեական գործ՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։

• ՀՀ կառավարությունը մայիսի 12-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կամավոր մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում աշխատողների համար սահմանվում են աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում): Օրենքի նախագծի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

• Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետն ընդունել են ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարին և քննարկել խորհրդի՝ 2016-ի հունիսին Ռուսաստանում կայանալիք նիստի նախապատրաստման ընթացքը։

• Մայիսի 12-13-ին ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման «Պարոլ» միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին կմասնակցելու համար Ղրղզստան են մեկնել ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչները:

• ՀՀ պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանը բրիտանական Jane’s պարբերականի հետ հարցազրույցում մի շարք հարցերի թվում անդրադարձել է նաև Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացին։

«Հայաստանը հարգում է մեր վրաստանցի ընկերների՝ եվրոատլանտյան հանրությանն ինգետրվելու որոշումն անկախ նրանից, թե ինչպիսի ազդեցություն կունենա այդ որոշումը տարածաշրջանային անվտանգության վրա… դա յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է», — նշել է Օհանյանը։

• Մայիսի 12-ին Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանում մեկնարկել է ՌԴ ավիաբազայի զորավարժությունը, որին ներգրավված է Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի շուրջ 200 զինծառայող և 20 միավոր ավիատեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ հարվածային ուղղաթիռներ և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *