Հրապարակվել է թուրք զինվորականների դատավճիռը

Ուրբաթ Ստամբուլի դատարանը կայացրել է 2003 թվականին Թուրքիայում Էրդողանի կառավարությունը տապալելու նպատակով հեղաշրջման նախապատրաստման գործով դատավճիռը:
Այդ մասին դատարանի դահլիճից հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
Դատավճռի համաձայն՝ գործով հիմնական մեղադրյալներ պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանը (Թուրքիայի առաջին դաշտային բանակի նախկին հրամանատար,) ծովակալ Օզդեն Օրնեկը (Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար) և գեներալ Իբրահիմ Ֆիրտինան (Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար) դատապարտվել են ցմահ բանտարկության:
Ավելի ուշ հիշյալ անձանց պատիժը մեղմացվել է և փոխարինվել 20 տարի ազատազրկմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալներին այդպես էլ չի հաջողվել հեղաշրջում իրականացնել:
Նշենք, որ մեղադրյալի աթոռին ընդհանուր առմամբ 365 մարդ է եղել, որոնցից 250-ը ձերբակալված են եղել:
Պաշտոնաթող և գործող 11 գեներալ այդ թվում՝ Թուրքիայի պառլամենտի նախորդ գումարման պատգամավոր ընդդիմադիր Էնգին Ալանը, 18 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Մնացյալ զինվորականները դատապարտվել են մինչև 16 տարվա ազատազրկման:
Մեղադրյալներից 34-ը անմեղ է ճանաչվել:
NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 250 մեղադրյալների կալանքի ժամկետը երկարաձգվել է: Միաժամանակ որոշում է կայացվել ավելի վաղ ստորագրությամբ ազատ արձակված շուրջ 70 անձանց կալանավորման վերաբերյալ:
Նշենք, որ հեղաշրջման նախապատրաստման գործով քննությունը Ստամբուլի դատախազությունը սկսեց 2010 թվականի հունվարին «Թարաֆ» թերթում որոշ սկանդալային նյութերի հրատարակումից հետո: Թերթում մասնավորապես ասված էր, որ 1960 թվականից ի վեր արդեն երեք անգամ հեղաշրջում իրականացրած թուրքական բանակը ծրագրել է պայթյուններ իրականացնել Ստամբուլի մզկիթներում և երկրում արտակարգ դրություն մտցնել:
Շուրջ հազար էջանոց քրեական գործում ասվում է, որ հեղաշրջման ծրագիրը, որի թուրքերեն անվանումն է «Բալյոզ» (թարգմանաբար՝ «մուրճ») մշակվել է Ստամբուլում գտնվող առաջին դաշտային բանակի շտաբում: Դրան ի պատասխան՝ զինվորականները պնդում էին, թե այդ ծրագրերը մշակվել են ռազմական սեմինարի համար:
Նշենք, որ հեղաշրջման նախապատրաստման գործով դատավճիռը վերջնական չէ, այն դեռևս պետք է հաստատվի Թուրքիայի բարձրագույն վերաքննիչ դատարանի կողմից:
Մեղադրյալների մեծ մասն իր վերջին խոսքում ասել է, որ դատավարությունը քաղաքականացված էր, իսկ վճիռը հայտնի էր ի սկզբանե:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը ևս լրագրողներին ասել է, որ դատավճիռը վերջնական չէ: Նա հույս է հայտնել, որ դատավարության ավարտին արդար դատավճիռ կկայցվի:

Իրենց հերթին Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները դատարանի վճիռն անվանել են ,,արդարադատության վախճան,,:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *