Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում, ինչպես նաև ձեռնարկություններից մեկում մասնակցել է նոր արտադրամասի բացմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Այցի ընթացքում ոլորտի պատասխանատուների և մասնագետների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ձեռնարկությունների տեխնիկական հագեցվածությանը, ռազմական նշանակության արտադրատեսակների նմուշներին, դրանց պատրաստման, նորոգման ու արդիականացման աշխատանքներին:
Պաշտպանության նախարարին ներկայացվել են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների թողարկած նոր արտադրատեսակները, առաջիկա ծրագրերն ու աշխատանքային հիմնական ուղղությունները:
Դիտարկելով ընթացող աշխատանքները և զինված ուժերի կարողությունների առավել բարձրացման համատեքստում կարևորելով ռազմարդյունաբերական համալիրի հետագա զարգացման գործընթացը՝ պաշտպանության նախարարը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ:
- Սեյրան Օհանյանին ներկայացնում են Հայաստանի ռազմական արդյունաբերության արտադրանքը