Այսօր` մայիսի 13-ին, Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ մարտերում ներգրավված զինծառայողներին օժանդակելու համար օդ բարձրացված «Կոբրա» հարվածային ուղղաթիռ է կործանվել, 2 օդաչուն էլ զոհվել են։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը: Թուրքական կողմը նշում է, որ ուղղաթիռը վթարվել է տեխնիկական խնդիրների պատճառով, սակայն քրդական ANF News գործակալության փոխանցմամբ` PKK-ն վստահեցնում է, որ իրենց զինյալներն են խոցել այն:
Նշվում է, որ մինչ այդ PKK-ի զինյալները հարձակվել են Չուքուրջա գավառի Չիղլի գյուղի մոտակայքում տեղակայված թուրքական ռազմաբազայի վրա, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 6, վիրավորվել` Թուրքիայի ԶՈւ 8 զինծառայող: Սպանված և վիրավորված բոլոր զինծառայողները հատուկջոկատայիններ են (Կայսերիի (Կեսարիա) «Կոմանդոսների» 1-ին բրիգադի զինծառայողներ — Razm.info):
Թուրքիայի զինուժն արդեն իսկ F-16 կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, ինչպես նաև օժանդակ ստորաբաժանումներ է ուղարկել Չիղլի: Հայտարարվում է սպանված քրդական 6 ուժայինների մասին:
Հավելենք, որ «Դողան» գործակալության համաձայն` այսօր մայիսի 13-ին, դժբախտ ելքով բախումները շարունակվել են նաև Սղերթ գավառում: Վիրավորվել է մեկ թուրք զինծառայող, սպանվել` մեկ քուրդ գրոհային:
Քրդական գործակալությունն իր հերթին հայտնում է, որ Շրնաքում PKK-ի զինյալներն այսօր` մայիսի 13-ին Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող են սպանել:
Քրդական գործակալությունը նաև տեղեկություններ է հրապարակել թուրքական ուժայինների` քրդական խաղաղ բնակչության դեմ իրականացվող գործողությունների մասին: Մասնավորապես նշվում է, որ այսօր Նուսայբինում թուրքական կողմի հրետակոծությունների և արկակոծությունների հետևանքով վնասվել են բազմաթիվ տներ:
Բացի այդ, քրդական աղբյուրը նաև փոխանցում է, որ թուրքական կործանիչներն այսօր ևս ավիահարվածներ են հասցրել Իրաքի տարածքում քրդական բնակավայրերին:
Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով: