Զոհված զինծառայողների ընտանիքները կներգրավվեն եկամտաստեղծ գործունեության մեջ. «Հայկական ժամանակ»

Հայաստանյան «Հայկական ժամանակ» թերթը հարցազրույց է արել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ, ով ներկայացրել է հայկական բանակի զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու՝ կառավարության ծրագրի մանրամասները:

Նախարար Մինասյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է կայուն եկամտաստեղծ գործունեության մեջ ներգրավել այդ ընտանիքներին: Դրա տարբերակներից մասնավորապես կարող են լինել պետության օժանդակությամբ բիզնեսների ստեղծումը (օրինակ փոքր արտադրամաս կամ կոնկրետ ծառայությունների տրամադրում), բաժնետիրական ընկերություններում որպես բաժնետեր ներգրավումը կամ բանկերում զինծառայողի ընտանիքի անդամներից մեկի անունով ավանդի ներդրումը, որի տոկոսները եկամտի աղբյուր կլինեն ընտանիքի համար:

Լրատվամիջոցի հետ հարցազրույցի ժամանակ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ընտանիքներին պետական օժանդակությունը նախատեսված է մինչև 5 միլիոն դրամի չափով, սակայն եթե հնարավոր լինի, լրացուցիչ կներգրավվեն նաև դոնորներ:

Նախագիծը ներկայում գերատեսչությունների ներքին շրջանառության մեջ է, և նախարար Մինասյանը հուսով է, որ ներքին շրջանառությունը կավարտվի այս ամսվա ընթացքում՝ մայիսին, ինչից հետո այն կհրապարակվի:

Ընդ որում, Արծվիկ Մինասյանի խոսքով, այդ ծրագրին ներգրավվելու են ոչ միայն Ապրիլյան մարտերի ժամանակ զոհված զինծառայողների, այլև Հայաստանի անկախությունից ի վեր բոլոր զոհված զինծառայողների ընտանիքները: Տարեկան նախատեսվում է նման օգնություն տալ մոտ 200 ընտանիքի:

«Հայկական ժամանակի» ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 15-ին ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը.

«Հանձնարարել էկոնոմիկայի նախարարին մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկ՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները: Պարոն Մինասյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար — խմբ), ժամկետը կճշտեք, մեզ կտեղեկացնեք հնարավորինս սեղմ ժամկետում»:

Իսկ ապրիլի 28-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից, որի կողմից մշակվել և հաստատվել է զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատման մեթոդաբանությունը:

Ուսումնասիրվել են ապրիլի սկզբների ռազմական բախումների հետևանքով զոհված 64 զինծառայողների ընտանիքներ: Ընտանիքների սոցիալական կարիքների նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական խնդիրներին, ուսման հետ կապված հարցերին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր ու ցանկալի զարգացումներին: Միաժամանակ, ուսումնասիրվել են ընտանիքների կոմունալ-կենցաղային հարմարությունները և այլ տվյալներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *