Կառավարություն. կամավորների համար կսահմանվեն աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ

ՀՀ կառավարությունն այսօրվա՝ մայիսի 12-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կամավոր մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում աշխատողների համար սահմանվում են աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում): Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Օրենքի նախագծով նախատեսվում է, որ աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը), եթե որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (աշխարհազորային)՝ կամավորական հիմունքներով մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին:

Աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով, որը կնքվում է աշխատողին տրված՝ աշխարհազորային համարվելու մասին տեղեկանքի հիման վրա (տեղեկանքը տալիս է ՀՀ պաշտպանության նախարարությունը):

Օրենքի փոփոխությունը տարածվում է նաև 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, այսինքն ընդունվելիք օրենքը կտարածվի նաև ապրիլյան մարտերի մասնակից աշխարհազորայինների (կամավորականների) վրա:

Օրենքի նախագծի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այս թեմայով Ռազմինֆոյի նախորդ հոդվածում:

One response to “Կառավարություն. կամավորների համար կսահմանվեն աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8–14 մայիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *