Վախճանվել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար գեներալ Պավել Գրաչովը

Այսօր մերձմոսկովյան՝ Վիշնևսկու անվան ռազմական հոսպիտալում 64 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար, բանակի գեներալ Պավել Գրաչովը։ Նա Աֆղանստանում պատերազմի մասնակից էր, Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ օդա-դեսանտային ուժերի հրամանատար։ 1991թ. օգոստոսյան պուտչի ժամանակ անցել էր Բորիս Ելցինի կողմը, և հետագայում համարվում էր վերջինիս մերձավոր զինակիցներից մեկը։

1992 թվականի մայիսի 7-ին Գրաչովը նշանակվեց Ռուսաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, իսկ արդեն մայիսի 18-ին` նախարար։ Պաշտոնավարել է մինչև 1996 թվականը, երբ Ռուսաստանում նախագահական ընտրությունների շեմին և առաջին չեչենական պատերազմում ռուսների անհաջողությունների ֆոնին ազատվեց պաշտոնից։ Պաշտոնաթողությունից հետո աշխատել է «Росвооружение» (այժմ` «Рособоронэкспорт») ընկերությունում՝ որպես խորհրդական։

Պավել Գրաչովն իր պաշտոնավարման ժամանակաշրջանում էապես նպաստել է նաև հայ-ռուսական ռազմական համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը, ինչը նաև խթանվում էր նրա և Վազգեն Սարգսյանի անձնական մտերմությամբ։ Շատերը Գրաչովի անվան հետ են կապում նաև Հայաստանին վաճառված սպառազինության «ռոխլինյան ցուցակը»։ 1999 թվականից Պավել Գրաչովը Երևանի պատվավոր քաղաքացի էր։

One response to “Վախճանվել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար գեներալ Պավել Գրաչովը

  1. Pingback: Վախճանվել է Պավել Գրաչովը « Կորեոլան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *