Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը մայիսի 4-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակի մասին տվյալները, ըստ որոնց՝ ԶՈւ անձնակազմը 613.419 է, ինչը շուրջ 20 հազարով պակաս է հունվարին հրապարակված ցուցանիշից (633.056), սակայն շուրջ 3 հազարով ավել մարտին հրապարակվածից (610.095): ԶՈւ անձնակազմում նշված 613.419-ից 51.923-ը քաղաքացիական աշխատողներ են, իսկ 561.496-ը` զինվորականներ:Տվյալները հրապարակվել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։ Ստորև կներկայացնենք ԶՈւ թվաքանակի վերաբերյալ տվյալները` աղյուսակով:
Հատկանշական է, որ մարտ ամսվա համեմատ ԶՈւ ընդհանուր թվաքանակի ոչ այնքան մեծ փոփոխության կողքին լուրջ տեղափոխություններ են գրանցվել ժանդարմերիայի և ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի անձնակազմերում:
Մասնավորապես մարտ ամսին ներկայացված ցուցանիշների համեմատ մայիսին տրամադրած տվյալներով` ժանդարմերիայում շուրջ 19500-ով ավելացել է պարտադիր զորակոչված անձնակազմի թվաքանակը, իսկ նշված երեք զորատեսակներում` նվազել շուրջ 17 հազարով:
Հավելենք, որ ԶՈւ թվաքանակի շուրջ 3000-ով աճը գրանցվել է հիմնականում ժամկետային զորակոչվածների հաշվին: Ժանդարմերիայի զինծառայողների ընդհանուր թվաքանակն ավելացել է շուրջ 21 հազարով, իսկ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում նվազել շուրջ 18 հազարով: Ընդհանուր առմամբ նշված փոփոխությունների և անձնակազմի տեղափոխությունների արդյունքում ժանդարմերիայում պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը նվազել է 5 տոկոսով, իսկ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում` ավելացել 1 տոկոսով:
Ամենայն հավանականությամբ, ժանդարմերիայի թվաքանակի ավելացումը կարող է կապված լինել 2015-ի հուլիսի Թուրքիայի արևելյան և հարավարևելյան քրդաբնակ շրջաններում շարունակվող պատերազմական գործողությունների հետ, քանի որ ժանդարմերիայի հիմնական պարտականությունը հենց քրդական զինված խմբավորումների, մասնավորապես` «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարն է: Իսկ վերջին շրջանի գործողությունները ցույց են տալիս, որ թուրքական ժանդարմերիան քրդերի դեմ մարտերում հսկայական քանակի զոհեր է տալիս:
Զինվորական կոչում | Ցամաքային ուժեր, ՌԾՈւ, ՌՕՈւ | Ժանդարմերիա | Առափնյա անվտանգություն | Ընդհանուր թվաքանակ |
Գեներալ, ծովակալ | 325 | 32 | 1 | 358 |
Սպաներ | 32.220 | 6.470 | 663 | 39.353 |
Ենթասպաներ | 69.014 | 26.008 | 1.571 | 96.593 |
Պայմանագրային ժանդարմներ | — | 21.597 | — | 21.597 |
Հատուկ պայմանագրային եֆրեյտորներ | 46.719 | 26.343 | 654 | 73.716 |
Պայմանագրային եֆրեյտորներ, շարքայիններ | 11.412 | — | 135 | 11.547 |
Պրոֆեսիոնալ անձնակազմ | 159.690 | 80.450 | 3.024 | 243.164 |
Զորակոչված անձնակազմ | 217.223 | 99.192 | 1.917 | 318.332 |
Քաղաքացիական կազմ | 47.283 | 3.631 | 1.009 | 51.923 |
Ընդհանուր թվաքանակ | 424.196 | 183.273 | 5.950 | 613.419 |
Պայմանագրայինների թիվը՝ %-ով | 42 | 45 | 61 | 43 |
Pingback: Թուրքիայի բանակի թվակազմը նվազել է. աղյուսակ (հունիս 2016թ.) | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ԶՈւ թվաքանակը շարունակում է նվազել. աղյուսակ (հուլիս 2016) | Ռազմ.info