Հայկական բանակը ԱԹՍ-ների դեմ պայքարի նոր ձևեր է փորձարկում. ՊԲ հրամանատար

Հայկական զինուժն ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը խոցել է հիմնականում հրազենային զենքերով, գնդացիրներով: Եվս մի քանի ԱԹՍ հայկական զինուժը խոցել է հակաօդային պաշտպանության միջոցներով: Այս մասին Պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանը մայիսի 7-ին հայտնել է հայաստանյան «Արմենիա» հեռուստաընկերության «Ռէվոլյուցիա» հաղորդման ժամանակ:

Ադրբեջանի զինուժի խոցված ԱԹՍ-ի բեկորներ. լուսանկարը՝ Արշակ Զաքարյանից

Ադրբեջանի զինուժի խոցված ԱԹՍ-ի բեկորներ. լուսանկարը՝ Արշակ Զաքարյանից

Խոսելով իրենց խոցած ադրբեջանական ԱԹՍ-ների քանակի մասին՝ գեներալ-լեյտենանտ Մնացականյանը նշել է, որ ապրիլյան մարտերի ընթացքում հայկական ուժերը խոցել են առնվազն 14 սարք: ՊԲ հրամանատարի խոսքով՝ հակառակորդի ևս մի քանի ԱԹՍ հնարավոր է խոցված լինեն, սակայն դրանց մասին տեղեկությունները հաստատված չեն, ինչի պատճառով էլ ՊԲ-ն դրանց մասին չի հայտարարել:

Մնացականյանը նշել է նաև, որ բանակում իրենք ԱԹՍ-ների դեմ պայքարի նոր մեթոդներ են փորձարկում:

«Երեկ չէ առաջին օրը մենք փորձարկումը կատարել ենք, և փորձարկման արդյունքները հույս են ներշնչում, որ հաջորդ անգամ այդ 14-ը (հակառակորդի խոցված ԱԹՍ-ների քանակը — խմբ.) լինելու է 28 կամ լինելու է էլ ավելի», — նշել է ՊԲ հրամանատարը:

Նոր մեթոդների կիրառման դեպքում, ըստ Մնացականյանի՝ հայկական կողմի օբյեկտները ավելի պաշտպանված են լինելու հակառակորդի անօդաչու թռչող սարքերից:

Պաշտպանության բանակի հրամանատարը նշել է նաև, որ հակառակորդն ունի նաև կադրերի խնդիր, որովհետև ադրբեջանցի զինծառայողները չեն կարողանում արդյունավետ կիրառել այդ անօդաչու թռչող սարքերը, ինչպես և ծանր հրանետները, խոշոր տրամաչափի ռեակտիվ համակարգերը:

Ստորև՝ գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը:

2 responses to “Հայկական բանակը ԱԹՍ-ների դեմ պայքարի նոր ձևեր է փորձարկում. ՊԲ հրամանատար

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8–14 մայիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *