Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այցելել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգի և ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին:
Նախագահ Սարգսյանին ուղեկցել են պատերազմի վետերաններ, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ազատամարտիկների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձների կապակցությամբ ՀՀ նախագահը հարգանքի ու երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Սերժ Սարգսյանը միջոցառման մասնակիցների հետ դիտել է ՀՀ զինված ուժերի, ՌԴ սահմանպահ ծառայության, պատվո պահակախմբի ստորաբաժանումների, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների և Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների հանդիսավոր քայլերթը:
Նախագահն այնուհետև այցելել է զբոսայգում Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ ավանդաբար կազմակերպվող դաշտային խոհանոց և շնորհավորել զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին, ճաշել ու զրուցել նրանց հետ` վետերաններին հետաքրքրող հարցերի շուրջ: