Ռազմաշաբաթ. Հայաստան. 1–7 մայիսի, 2016

Ժամկետային զինծառայողը հետմահու ստացել է «Արցախի հերոսի» կոչում • Մի քանի ժամկետային զինծառայող ստացել է լեյտենանտի կոչում • Առաջնագծում Ադրբեջանի զինուժը կրակել է հրազենով, ականանետներով, նռնականետներով • Հայկական բանակը կորցրել է 3 զինծառայող • Քննարկվել են զոհված, վիրավորված զինծառայողների ընտանիքներին օգնության հարցերը • Ռուսաստանից վարկով զենք գնելու գործընթացն ընթացքի մեջ է • ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է ՀՕՊ ստորաբաժանման վարժանքին • ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է Արցախ • Խորհրդարանում կքննարկվի տարկետման սահմանափակման օրինագիծ • Խորհրդարանում ընդունել են Հայաստանի ՊՌՎ-ին աջակցող մասնագետներին • ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին • ՀՀ ՊՆ տեղակալն ընդունել է «Մայքրոսոֆթի» ներկայացուցիչներին • Ռազմինֆոյի թղթակիցը ներկայացրել է ՊԲ դիրքապահների պատմությունները

Արցախի հերոս, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյան

Արցախի հերոս, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյան

• Մայիսի 9-ի Եռատոնի կապակցությամբ Արցախի նախագահի հրամանագրով ապրիլի 2-ից 5-ը հակառակորդի լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ՊԲ կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։ Բակո Սահակյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ էլ ստացել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան, «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներ։

• ՊԲ 5 ժամկետային զինծառայողներ, ովքեր ապրիլյան մարտերի օրերին հաճախ փոխարինել են իրենց դասակների հրամանատարներին և մարտի ընթացքը բեկել հայկական կողմի օգտին, ստացել են լեյտենանտի սպայական կոչումներ։

Մայիսի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է հիմնականում հրազենով։ Նույնը օրը առաջնագծի տարբեր ուղղություններում նկատվել են նաև հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:

Մայիսի լույս 3-ի գիշերը թշնամին հայկական դիրքերին կրակել է հրազենով և 82 մմ ականանետներով։

Մայիսի լույս 4-ի գիշերն Ադրբեջանի զինուժը շարունակել է կրակել հրազենով և ականանետներով։

Մայիսի լույս 5-ի գիշերը թշնամին կրակել է հրազենով, ականանետներով և TR-107 կայաններով։

Մայիսի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի զինուժը հայկական դիրքերին կրակել է հրազենով, 82 մմ ականանետներով և ՌՊԳ-7 նռնականետներով։

Մայիսի լույսը 7-ի գիշերը թշնամին կրակել է հրաձգային զինատեսակներով և 82 մմ ականանետներով։

Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ Ազգային ժողովում փակ քննարկման ընթացքում Արցախի շփման գծում ներկա իրավիճակը ներկայացրել է խորհրդարանականներին:

• Մայիսի 2-ին Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլի 29-ին հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սարգիս Արթուրի Գասպարյանը:

• Մայիսի 3-ին զորամասերից մեկում հայտնաբերվել են զինծառայողներ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

• Արցախի զորամասերից մեկի առաջնագծում արկի պայթյունից վիրավորվել է կամավորական Անդրանիկ Հարությունյանը, ով փորձել է օգնել ականի պայթյունից վիրավորված ծառայակցին, սակայն ինքն էլ է վիրավորվել արկի պայթյունից:

• Զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին օգնելու միջոցառումները քննարկվել են ՀՀ կառավարությունում և ՀՀ պաշտպանությունում։ Երևանի քաղաքապետարանն իր հերթին նախատեսում է բնակարաններ տրամադրել երևանցի զոհված զինծառայողների՝ բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին։

• Մայիսի 3-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ռուսաստանի 200 մլն դոլար վարկով սպառազինության գնման գործընթացը վաղուց է սկսված, սակայն չի նշել՝ ինչ զինատեսակներ են մատակարարված և ինչ քանակով:

[Ձախից աջ] ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը հետևում են ՀՕՊ ստորաբաժանման պարապմունքին

[Ձախից աջ] ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը հետևում են ՀՕՊ ստորաբաժանման պարապմունքին

• Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումներից մեկում, որտեղ հետևել է հակաօդայինների վարժանքին։

• ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն այցելել է Արցախ, որտեղ մայիսի 2-ին նրան ընդունել է Բակո Սահակյանը և քննարկել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ գործողությունները։

• Մայիսի 6-ին ՀՀ ազգային ժողովի ՊԱԱՆԳ հանձնաժողովն իր օրակարգից հանել է զինծառայությունի տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի նախագիծը, քանի որ առաջիկայում սպասում է կառավարության նմանաբնույթ, ավելի ընդգրկուն նախագծին:

• Մայիսի 5-ին ՀՀ ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման (ՊՌՎ) արդյունքների իրականացմանն օժանդակող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագիտական խմբի հետ քննարկել է վերանայման արդյունքների իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։

• Մայիսի 4-ին Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, ում հետ քննարել է երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

• Մայիսի 5-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների և քննարկել «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համագործակցության, ՀՀ ՊՆ կիբեռանվտանգության ոլորտում փորձի փոխանակման, «Մայքրոսոֆթի» անվտանգության նորագույն լուծումների տրամադրման հարցեր:

• Razm.info-ի թղթակից Նարինե Վարդանյանը եղել է Պաշտպանության բանակի արևելյան մարտական դիրքերում և զրուցել զինծառայողների հետ։ Պատմություններ առաջնագծից՝ թիկունքի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *