Մայիսի վերջին կստորագրվի ՆԱՏՕ-ի հետ Մոնտենեգրոյի ասոցացման արձանագրությունը

«ՆԱՏՕ-ի 29-րդ անդամ դառնալն ապահովելու է Մոնտենեգրոյի երկարաժամկետ կայունությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը»։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Մոնտենեգրո այցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Ալեքսանդր Վերշբոուն, տեղեկացնում է ՆԱՏՕ-ի պաշտոնակա կայքը։ Վերջինս այնտեղ մասնակցում է «Լինել անվտանգ» (To Be Secure Conference) համաժողովին։

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Ալեքսանդր Վերշբոուն Նկարը՝ ՆԱՏՕ-ի կայքից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Ալեքսանդր Վերշբոուն
Նկարը՝ ՆԱՏՕ-ի կայքից

Դեսպան Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է նաև, որ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը Մոնտենեգրոյին տալիս է սեղանի շուրջ տեղ ու ՆԱՏՕ-ի քաղաքականությունը ձևավորելու կարողություն»։

Հավելենք, որ Մոնտենեգրոյի Դաշինքին անդամակցությանը պատրաստելու գործընթացը սկսվել է 2009 թվականից, երբ այդ երկրին 2009 թվականին հրավիրեցին միանալ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլանին (MAP- Membership Action Plan )։ Իսկ անդամակցության հարցը հաստատվեց 2015 թվականի դեկտեմբերի 1-2-ը Բրյուսելում Դաշինքի անդամ պետությունների արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը։ Հանդիպման ժամանակ Մոնտենեգրոյին հրավիրեցին Դաշինքի կազմ։

Ինչպես հայտարարված է, մայիսի 19-ին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարները պիտի ստորագրեն Մոնտենեգրոյի ասոցացման արձանագրությունը (Montenegro’s Accession Protocol)։ Դրանից հետո այդ երկիրը կդառնա «հրավիրված» անդամ և կկարողանա ներկա լինել ՆԱՏՕ-ի բոլոր հանդիպումներին, այդ թվում՝ 2016 թվականի հուլիսին կայանալիք Վարշավայի գագաթաժողովին, սակայն որպես դիտորդ։ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ [28 պետություն] արձանագրության ստորագրումից հետո այն պիտի վավերացնի իր ազգային խորհրդարաններում, որից հետո Մոնտենեգրոն կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։ Նախատեսվում է, որ խորհրդարանների հաստատման գործընթացը կավարտվի հաջորդ տարվա գարնանը։

Հարկ է նշել, որ Վարշավայի գագաթաժողովը շատ կարևոր և սպասված է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ ցանկացող Վրաստանի համար։ Հենց այս գագաթաժողովի ժամանակ կքննարկվեն Վրաստանի ձեռքբերումները, թերացումները, 2014 թվականի Ուելսի գագաթաժողովի ժամանակ տրված համագործակցույթյան փաթեթի կետերի կատարումը։ Թեև Վրաստանում սպասելիքները բավական շատ են առաջիկա գագաթաժողովից, այնուամենայնիվ, վերջին մի քանի ամսվա, ինչպես նաև ավելի վաղ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններն այդքան էլ հուսադրող չեն, թե Վրաստանը Վարշավայում հնարավոր է ստանա ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան (MAP- Membership Action Plan ), առավել ևս՝ անդամակցություն։

Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հերթին, հասարակության հիասթափությունը, մանավանդ խորհրդարանական ընտրություններից առաջ մեղմելու համար սկսեց հայտարարել, որ Վրաստանն առաջիկա գագաթաժողովում չի պահանջելու MAP, այլ դնելու է հետագայում միայն անդամակցության հարցը։ Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարի ավելի վաղ հայտարարության՝ MAP-ը Վրաստանի համար անցյալ է։

Տեղեկանք ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքի՝
MAP-ը հաստատվել է 1999 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ որպես Դաշինքի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալ ցանկացող երկրների միջև համագործակցության ձևաչափ։ MAP-ը պահանջարկների ցուցակ է, որն անհրաժեշտ է կատարել մինչև ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալը։ Չնայած այդ պահանջների կատարումը դեռ չի նշանակում, որ երկիրը կարող է ավտոմատ մտնել ՆԱՏՕ։ Այն ընդամենը ևս մեկ քայլ է, որը մոտեցնում է հնարավոր անդամակցությանը երկրին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *