Մայիսի 5-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ընդունել է Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրականացմանն օժանդակող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագիտական խմբին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:
Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել փորձագիտական խմբի աջակցությունը պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայմանը և ընդգծել հանձնաժողովի մասնակցությունը գործընթացի բոլոր շրջափուլերին` անվտանգության միջավայրի, ներքին և արտաքին սպառնալիքների գնահատման, պաշտպանության ոլորտում շահառու մարմինների դերերի ու առաջադրանքների հստակեցման, ՀՀ զինված ուժերի զարգացման և այլ ուղղություններով:
Քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները, մասնավորապես ընդգծվել է պաշտպանության ոլորտի նոր օրենսդրության ձևավորման անհրաժեշտությունը:
Փորձագիտական խումբը հայտնել է ԱԺ մշտական հանձնաժողովի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը՝ ոլորտի օրենսդրության և խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների կատարելագործման նպատակով:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացն ավարտվել է 2015թ. վերջին: Գործընթացին աջակցել են նաև մասնագետներ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից:
Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակն է բացահայտել Հայաստան սպառնացող առկա և հավանական սպառնալիքները՝ երկրի պաշտպանությունը և զորային կառույցը դրանց համապատասխան կառուցելու-փոփոխելու համար: