Ուկրաինայում զոհվել է ևս մեկ վրացի մարտիկ

Ապրիլի 29-ին Ուկրաինայում Ադեևկայի շրջանում մահացել է Ուկրաինայի քաղաքացի, ազգությամբ վրացի մարտիկ Ռեզո Ծիկլաուրին։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում «Վրացական ազգային լեգիոնի» ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ լեգիոնի անդամներից շատերը ճանաչել են Ծիկլաուրին։

Ուկրաինայում զոհված ազգությամբ վրացի մարտիկ Ռեզո Ծիկլաուրին

Ուկրաինայում զոհված ազգությամբ վրացի մարտիկ Ռեզո Ծիկլաուրին

Ինչպես հաղորդում է ֆեյսբուքյան էջը, Ռեզո Ծիկլաուրին կռվել է Ուկրաինայի 81-րդ առանձին աերոմոբիլային բրիգադի 90-րդ գումարտակի կազմում։ Ուկրաինայի քաղաքացի է եղել, ապրել է Շեպետովկա գյուղում։ Սպանվածն ուներ 2 երեխա։

Հավելենք, որ 2014-16թթ. ընթացքում հայտնի է դարձել 8 վրաստանցի զինծառայողի սպանվելու մասին։ Սակայն զոհվածներից մեկը, ինչպես հայտնում էին վրաստանյան լրատվամիջոցները, կռվել է ոչ թե Ուկրաինայի կառավարական ուժերի շարքերում, այլ ռուսական կողմում։

  • 2014թ. դեկտեմբերի 18-ին Ուկրաինայում զոհվել էր 32-ամյա Ալեքսանդր Գրիգոլաշվիլին։ Նա ծառայել է Վրաստանի զինուժում 2007-08թթ, կռվել է Դոնբասում ուկրաինական «Այդար» գումարտակի կազմում։
  • 2015թ. հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Դոնեցկում մահացել է Վրաստանի քաղաքացի Շալվա Բուխաիձեն։ Նրա մահվան լուրը հաստատել էր Վրաստանի ԱԳՆ-ն, հենց այս զինծառայողի մասին էլ շրջանառվում էր, որ կռվել է ռուսական կողմում։ Ամենայն հավանականությամբ այս լուրը համապատասխանում է իրականությանը, քանի որ վրաստանյան մամուլը, ինչպես նաև Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայում մահացածների թվում նրան չեն ընդգրկում։
  • 2015թ. հունվարի 18-ին Դոնեցկում մարտական գործողությունների ընթացքում մահացել է 37-ամյա Թամազ Սուխիաշվիլին ։ Եվս 3 վրաստանցի մարտիկ վիրավորվել էին։
  • 2015թ. ապրիլի 18-ին Դոնեցկի շրջանի Շիրոկինո գյուղի մարտերում զոհվել էր Վրաստանի քաղաքացի Գեորգի Ջանելիձեն։ Վերջինս ծառայել է կառավարական ուժերի «Ազով» գնդում որպես վրաստանցի կամավորական։
  • 2015թ. հուլիսի 2-ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Ազովի ծովում խեղդվել է Ուկրաինայի կառավարական ուժերի շարքում կռվող վրաստանցի սպա Կոնստանտին Լաշխիան։
  • 2015թ. օգոստոսի 9-ին վրաստանյան ընդդիմադիր «Թավիսուպալի զոնա» (Ազատ գոտի) պորտալը հայտնել է, որ Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի մերձակայքում, ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է այնտեղ մարտնչող վրաստանցի կամավորական Գեորգի Բարատելին։ Վերջինս կռվել է ուկրաինական ուժերի 93-րդ գումարտակի շարքերում։
  • 2015թ. դեկտեմբերի 10-ին Վրաստանի նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Դոնբասի Օպիտնոե գյուղի մերձակայքում սպանվել է այնտեղ մարտնչող ևս մեկ վրաստանցի կամավորական։ Իրակլի Կուտելիան պայթել է ականի վրա ևս 2 մարտիկի՝ Ալեքսեյ Բոլդիրևի և Անդրեյ Կուպրիյանովի հետ։ Եվս 7 հոգի վիրավոր է։

Նշենք, որ Ուկրաինայում կռվող վրաստանցիների թեման բավական շահարկվում է, քանի որ խոսակցություններ կային, թե վրաստանցի զինծառայողներն ազատվում են Վրաստանում իրենց աշխատանքից և տեղափոխվում Ուկրաինա կռվելու։ Սրա վերաբերյալ հայտարարություն էր արել Միխեիլ Սաակաշվիլին, նշելով, որ մարդիկ ազատվում են ինչպես ԶՈւ-ի, այնպես էլ ՆԳՆ-ի իրենց ծառայությունից։ Նա նաև շեշտել էր, թե շատ զինծառայողներ Ուկրաինայի քաղաքացիություն են ստանում և որ իբր Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել քաղաքացիություն տալ այն վրաստանցիներին, ովքեր կծառայեն ուկրաինական բանակում։

Վրաստանի ՊՆ-ն անդրադարձել էր վերոնշյալ հայտարարությանը, շեշտելով, որ դեռ չի գրանցվել այնպիսի դեպք, երբ զինված ուժերից զինծառայողներ գնան Ուկրաինա, թեև տեղեկություններ ունեն, որ այնտեղ կան Վրաստանի քաղաքացիներ, ովքեր այժմ չեն ծառայում։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *