Այսօր` ապրիլի 28-ին, ՀՀ կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ապրիլի սկզբի մարտերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ կատարված աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
Նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ այդ նպատակով ՀՀ վարչապետի 2016 թվականի ապրիլի 7-ի համապատասխան որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից, որի կողմից մշակվել և հաստատվել է զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատման մեթոդաբանությունը:
Ուսումնասիրվել են ապրիլի սկզբների ռազմական բախումների հետևանքով զոհված 64 զինծառայողների ընտանիքներ: Ընտանիքների սոցիալական կարիքների նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական խնդիրներին, ուսման հետ կապված հարցերին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր ու ցանկալի զարգացումներին: Միաժամանակ, ուսումնասիրվել են ընտանիքների կոմունալ-կենցաղային հարմարությունները և այլ տվյալներ:
Ուսումնասիրված ընտանիքներից
- Մինչև 18 տարեկան երեխաներ ունի 10 ընտանիք: Երեխաների թիվը կազմում է ընդամենը 17:
- Զոհված 15 զինծառայողների ընտանիքներում կան ուսանողներ:
- Զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր զբաղված չեն, ցանկություն են հայտնել աշխատել: Որոշ դեպքերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման դեպքում ընտանիքը կզբաղվի գյուղատնտեսական գործունեությամբ:
- Զոհված զինծառայողների ընտանիքների որոշ անդամներ ունեն առողջական խնդիրներ, բժշկական հետազոտության կարիք, որոշները` վիրահատության կարիք, ինչպես նաև` հոգեբանական ծառայության:
- Զոհված զինծառայողների ընտանիքների մի մասն ունեն նաև վարկային պարտավորություններ, իսկ որոշ ընտանիքներ` նաև կոմունալ վճարումների դիմաց:
- Զոհված 3 զինծառայողների եղբայրները պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներ են:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված է նաև 2 մլն դրամ ապահովագրական վճար` մարտական գործողությունների ընթացքում զոհվելու դեպքում, ինչպես նաև 1,4 մլն դրամ հուղարկավորության կազմակերպման և 700.000 դրամ գերեզմանների բարեկարգման համար, որոնք վճարվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, իսկ ընտանիքների անաշխատունակ անդամներին նշանակվում են ամսական վճարվող կենսաթոշակներ և պարգևավճարներ` օրենսդրությամբ սահմանված չափերով: (Այս մասին ավելի վաղ տեղեկացրել ենք նաև «Զոհված, մահացած և հաշվմած զինծառայողների սոցիալական պաշտպանությունը» հոդվածում):
Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է նաև, որ այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ շարունակում են պատրաստակամություն հայտնել` օգնության ձեռք մեկնելու նշված ընտանիքներին:
Աշխարհազորայինների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների իրականացումն ապահովող ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը դրվել է պաշտոնական շրջանառության մեջ:
Միաժամանակ, նախնական ուսումնասիրություն է կատարվել նաև մարտական գործողությունների հետևանքով վիրավորված և տարբեր բուժհաստատություններում բուժվող զինծառայողների կարիքները, որի շրջանակներում կատարվել է այցելություն 7 հիվանդանոց:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 ապրիլի, 2016 | Ռազմ.info
Pingback: Զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու կարգը դեռ քննարկվում է կառավարությունում | Ռազմ.info
Pingback: Զոհված ընտանիքները կներգրավվեն եկամտաստեղծ գործունեության մեջ. «Հայկական ժամանակ» | Ռազմ.info