200 մն դոլարի վարկով Ռուսաստանից զենքի գնման վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել, հիմա աշխատանք է տարվում պայմանագրերի ստորագրման ուղղությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ի երեկոյան, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին։
Նախնական պայմանագրերը, ըստ պաշտպանության նախարարի, համաձայնեցված են։ Ելնելով այն բանից, որ վարկի տրամադրման վերջնական որոշումը նոր է ընդունվել՝ հիմա ճշտվում են պայմանագրերը (տեխնիկական պայմանագրերով ու համապատասխան բնութագրերով), որպեսզի աշխատանքներն արագանան:
Օհանյանի խոսքով՝ աշխատանքների մի մասն արդեն կատարվում էր՝ նախնական պայմանավորվածության համաձայն:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև սպառազինության գնման համար 200 մլն դոլար վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագիրը Երևանում կնքվել է 2015թ. հունիսի 26-ին։ 2016թ. փետրվարին ռուսաստանյան կողմը հրապարակել է պայմանագրի տեքստը, ինչի արդյունքում հայտնի են դարձել ինչպես դրա պայմանները, այնպես էլ Հայաստանի պատվիրած սպառազինության ցանկը: Ձեռք բերվող սպառազինության, զինամթերքի և այլ տեխնիկայի քանակի մասին պայմանագրում տվյալներ չկան։
Արդեն 2016թ. ապրիլի 15-ին ՀՀ կառավարության որոշումներից մեկի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվել է՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը: Նույն որոշմամբ՝ պաշտպանության նախարարին հանձնարարվել է ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկել և ստորագրել ռազմական արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:
Ավելացնենք, որ պայմանագրով նախատեսվում է, որ հայկական կողմը կարող է ամեն առանձին պայմանագրով նախատեսված գումարի մինչև 90%-ը վճարել վարկի միջոցներից։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։
Սպառազինությունը պիտի ձեռք բերվի 2015-2017թթ., սպառազինության ցանկը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ։ Վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։ Պայմանագիրը ուժի մեջ է մտել 2016թ․ փետրվարի 10-ին։
Pingback: Ռուսաստանից 200 մլն դոլարի սպառազինության գնման գործընթացը սկսված է. ՀՀ ՊՆ խոսնակ | Ռազմ.info