Ապրիլի լույս 27-ի գիշերը վիրավորվել է ՊԲ 3 զինծառայող

Այսօր՝ ապրիլի լույս 27-ի գիշերը, Ադրբեջանի զինուժի կրակոցների պատճառով վիրավորվել է Պաշտպանության բանակի երեք զինծառայող: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայաստանյան Panorama.am լրատվակայքի փոխանցմամբ հայտարարել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Հայաստանյան News.am գործակալության փոխանցմամբ՝ վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, ինչը պայմանավորված է նրանով, որ նա բեկորային վնասվածք է ստացել ազդրի հատվածում, և լուրջ վիրահատության անհրաժեշտ կլինի: Ծառայության պետի խոսքով՝ նրան կյանքին նույնպես վտանգ չի սպառնում:

Ռազմաբժշկական ծառայության պետը տվյալներ է հայտնել նաև Ապրիլյան պատերազմի ընթացքում և կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո գրանցված վիրավորումների մասին:

Հայաստանյան «Արմենպրես» գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնյան մասնավորապես նշել է, որ ապրիլի 2-ից քառօրյա մարտերի ժամանակ հայկական կողմից վիրավորվել է 125 զինծառայող: Նույն ժամանակահատվածում վիրավորներից երկուսը մահացել են հոսպիտալում: Եվս երեք զինծառայողի վիճակը ներկայում գնահատվում է ծայրահեղ ծանր:

Նշված 125 վիրավոր զինծառայողից 87-ն արդեն դուրս են գրվել բժշկական հաստատություններից: Գնդապետ Խաչատրյանի խոսքով՝ իրենք ուշացրել են զինծառայողների դուրսգրումը, որպեսզի հոգեբանական աշխատանքներ տանեն նրանց հետ:

ՀՀ ԶՈւ ՌԲԾ պետը տեղեկացրել է, որ քառօրյա մարտերից ու կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո վիրավորվել է հայկական զինուժի ևս 34 զինծառայող: Կամավոր Խաչատրյանը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ՝ այս օրերին հոսպիտալներում կատավել է 148 վիրահատություն:

Պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ ապրիլյան մարտերի ողջ ընթացքում ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչությունը կորցրել է 4 սանիտարական մեքենա, փոխանցում է «Արմենպրեսը»: Մեքենաների խոցման հետևանքով բժշկական անձնակազմի շրջանում զոհեր չեն եղել:

One response to “Ապրիլի լույս 27-ի գիշերը վիրավորվել է ՊԲ 3 զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 ապրիլի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *