[Լրացված] Ապրիլի լույս 27-ի գիշերվա մարտերի ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև գիշերը:

Հակառակորդի ձեռնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։

Ադրբեջանական զինուժն իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներով, այդ թվում` ականանետերով, թնդանոթներով ու ԲՄ- 21 («Գրադ») կայաններով հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ:

Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր:

Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների և թիրախային հարվածներ հասցնելով՝ թշնամուն պատճառել կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ:

Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Լրացում․ ՀՀ ՊՆ կայքն իր հերթին հայտնում է, որ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներով հիմնականում անկանոն կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Լրացում․ Պաշտպանության բանակը մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ Ադրբեջանն առաջնային գծին մերձակա բնակավայրերում իր հրետանու և զրահատանկային ուժերի համար կրակային հենակետեր է ծավալում, որտեղից հիմնականում գիշերային ժամերին հրետակոծում է հայկական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը:

Թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում և արդյունքում նույն այդ քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան՝ ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սև գործը:

Ելնելով ստեղծված իրավիճակից` Պաշտպանության բանակը հակառակորդ կողմին խորհուրդ է տալիս հարգել իր իսկ խնդրանքով կրակի դադարեցման վերաբերյալ կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը ու նաև զգուշացնում` խաղաղ բնակավայրերը չվերածել կրակային հենակետերի` դրանք դարձնելով խոցման թիրախ:

Հակառակ դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *