Գիշերվա հրետակոծության նախաձեռնողն ադրբեջանական կողմն է․ Սենոր Հասրաթյան

Ապրիլի լույս 26-ի գիշերը ադրբեջանական զինուժը՝ Արցախում խախտելով կրակի դադարեցման պայմանավորվածությունը, ականանետներով, հաուբիցներով և «Գրադ» համակարգերով կրակել է ինչպես հայկական դիրքերի, այնպես էլ Մարտակերտ քաղաքի և Մատաղիս գյուղի ուղղությամբ։ Թշնամու կրակոցներից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, ինչի մասին ավելի վաղ հայտնել է ՊԲ կայքը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին պնդում է, թե գիշերվա ընթացքում կրակել սկսել է հայկական կողմը և 82 մմ, 120 մմ ականանետներով, 122 մմ հաուբիցներով ու ԲՄ-21 («Գրադ») կայանով կրակել է ադրբեջանական Տերտեր (Թարթառ) քաղաքի, հարևան բնակավայրերի ու մասնավորապես Գափանլը գյուղի վրա։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության հեղինակները փորձում են առաջնագծում հաջորդող իրադարձությունների պատասխանատվությունը բարդել «Հայաստանի ռազմաքաղաքական հանցավոր ղեկավարության» վրա։

Ադրբեջանական ATV հեռուստաալիքի օպերատոր Վիջայ Վալիևի ստացած «բեկորային վիրավորումը»

Ադրբեջանական ATV հեռուստաալիքի օպերատոր Վիջայ Վալիևի ստացած «բեկորային վիրավորումը»

Ադրբեջանական Report լրատվակայքն էլ գրում է, որ հայկական կողմի հրետակոծության պատճառով Ադրբեջանի Գարաղաջը գյուղում (Մարտակերտից հյուսիս-արևելք, առաջնագծից հեռավորությունը՝ մոտ 30 կմ) «բեկորային վիրավորում» է ստացել ադրբեջանական ATV հեռուստաալիքի օպերատոր Վիջայ Վալիևը (Vicay Vəliyev)։

Ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակոցների մասին ամբողջ գիշերվա ընթացքում և վաղ առավոտյան Արցախին սահմանամերձ ադրբեջանական շրջանների բնակիչները բազմաթիվ գրառումներ են հրապարակվել սոցցանցերում։ Ինչպես հայտնել է միջազգայնագետ Էդգար Էլբակյանը, ադրբեջանցի օգտատերերից ոմանք պնդում էին, որ «այսպիսի ուժգնություն չէր եղել անգամ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը»։

Razm.info-ի լրագրողի հետ զրույցում, սակայն, Սենոր Հասրաթյանը հերքեց հայկական կողմի նախահարձակ գործողությունների մասին հայտարարությունը և նշեց, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմն է սկսել կրակել հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ։ Մարտակերտի ու Մատաղիսի ուղղությամբ հրետակոծության հետևանքով, ըստ Հասրաթյանի, կան ավերածություններ, սակայն դրանց մասշտաբները դեռ ճշտվում են և առայժմ հստակ տվյալներ չկան։

«Ցավոք, ադրբեջանական կողմն իր հրետանային միջոցները տեղակայում է իրենց բնակավայրերում՝ թաքնվելով քաղաքացիականների թիկունքում, և այնտեղից է կրակում։ Եվ երբ հայկական կողմը թիրախավորի այդ հրետանային միջոցները, ադրբեջանցիները հայտարարելու են, թե հայկական կողմը կրակում է բնակավայրերի ուղղությամբ», — նշեց Սենոր Հասրաթյանը՝ ավելացնելով, որ հայկական կողմը հիմնականում խոցել է այն կրակակետերը, որոնք բնակավայրերից դուրս են։

Խոսելով գիշերվա ընթացքում կրակոցների ինտենսիվության մասին՝ Հասրաթյանը նշեց, որ լարվածությունը բավական մեծ է եղել, սակայն այն չի կարելի համեմատել ապրիլի սկզբի մարտերի հետ։ Հասրաթյանն ավելացրեց, որ այս գիշերը զորքի տեղաշարժեր նույնպես չեն եղել։

Ըստ Հասրաթյանի՝ կրակոցներ եղել են նաև շփման գծի այլ հատվածներում, սակայն ինտենսիվ կրակոցները եղել են հենց ՊԲ պատասխանատվության հատվածի հյուսիս-արևելքում։

Լրացում. ՀՀ ՊՆ կայքը հայտնում է, որ ապրիլի լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 15 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Լրացում. Ավելի ուշ ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակել է թշնամու կողմից այս գիշեր Արցախի Մարտակերտ քաղաքի և Մատաղիս գյուղի հրետակոծման հետևանքները ցույց տվող լուսանկարներ:

One response to “Գիշերվա հրետակոծության նախաձեռնողն ադրբեջանական կողմն է․ Սենոր Հասրաթյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *