[Լրացված] Հակառակորդի կրակոցներից զոհվել է ՊԲ 2 պայմանագրային զինծառայող

Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական զինված ուժերի դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով մի շարք տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա: ԲՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծվել է Մարտակերտը (14 արկ), հրետակոծվել` Մատաղիսը (8 արկ): Այս մասին այսօր` ապրիլի 26-ին, տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման հետևանքով` զոհվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.):

Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել է  60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ԱԳՍ-17 տիպի նռնականետ (3 արկ), ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (200 կրակոց), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք և տանկ:

Հակառակորդի ագրեսիվ գործողությունները չեզոքացնելու նպատակով` Պաշտպանության բանակը դիմել է կանխարգելիչ քայլերի և թիրախային հարվածներ հասցրել նրա առաջնային դիրքերին ու կրակային հենակետերին` պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի նշանակալի կորուստներ:

Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

ՊԲ-ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

[Լրացում] ՀՀ ՊՆ կայքը հայտնում է, որ ապրիլի լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 15 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

2 responses to “[Լրացված] Հակառակորդի կրակոցներից զոհվել է ՊԲ 2 պայմանագրային զինծառայող

  1. Pingback: Գիշերվա հրետակոծության նախաձեռնողն ադրբեջանական կողմն է․ Սենոր Հասրաթյան | Ռազմ.info

  2. Pingback: Արցախի կառավարությունը գույքագրում է բնակիչների կորուստները՝ փոխհատուցման նպատակով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *