Հայկական տանկի խոցման լուրն ապատեղեկատվություն է․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն այսօր՝ ապրիլի 24-ին, հաղորդագրություն է տարածել, թե իրենց զինուժը Մարտակերտի ուղղությամբ խոցել է հայկական զինուժի 1 տանկ։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է այս լուրը՝ նշելով, որ այդ հաղորդագրությունը Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվությունների շարքից է։

Իր ֆեյսբուքյան էջում Հովհաննիսյանը գրել է․ «Գիշերը սահմաններում կրակոցները, այդ թվում նաև հրետանային միջոցներով, շարունակվել են, սակայն լարման աստիճանը բարձր չի եղել։ Աննախադեպության մասին բոլոր լուրերը ապատեղեկատվություն են։ Ադրբեջանական կողմի տեղեկությունները տանկ խփելու մասին դասվում են այդ շարքին։ Դեռ շատ են խոսելու հորինված հաղթանակների մասին»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդարգրության մեջ պնդում է նաև, թե հայկական զինուժն ապրիլի լույս 24-ի գիշերը կրակել է նաև Տերտերի (Թարթառ, Մարտակերտի հյուսիսում) շրջանում ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ, ինչի արդյունքում քանդվել է նույն շրջանի Շիխարխ գյուղի բնակչին պատկանող տունը։

Ավելի վաղ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ի կեսօրից Արցախի շփման գոտում հակառակորդի սկսած հրետանային նախահարձակ ակտիվությունը շարունակվել է նաև ապրիլի լույս 24-ի գիշերը:

Նշված ժամանակահատվածում շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, 60 մմ (16 արկ), 82 մմ (99 արկ) ականանետներով, 122 միլիմետրանոց Դ-30 հաուբիցներով (19 արկ) և TR-107 համազարկային կրակի ռեակտիվ կայաններով (25 արկ) ինտենսիվ կրակ է վարել Պաշտպանության բանակի դիրքապահների ուղղությամբ:

Հատկանշական է, որ հակառակորդն իր նախահարձակ գործողությունների թիրախ էր ընտրել ոչ միայն մարտական դիրքերը, այլև Մատաղիս բնակավայրը: Դ-30 տիպի հրանոթից արձակված մեկ արկ ընկել է գյուղի տարածքը: Բարեբախտաբար, կորուստ չի եղել:

ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ էլ նշված է, որ ապրիլի լույս 24-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներով հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:

2 responses to “Հայկական տանկի խոցման լուրն ապատեղեկատվություն է․ Արծրուն Հովհաննիսյան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 ապրիլի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *