Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 ապրիլի, 2016

Շաբաթվա ընթացքում հայկական զինուժը կորցրել է 4 զինծառայող, 2 կամավորական • Ադրբեջանը վերադարձրել է ՊԲ զոհված սպայի մարմինը • Նախագահ Սարգսյանը քննարկումներ է անցկացրել Արցախում, պարգևատրել է զինծառայողներին • ՀՀ ՊՆ տեղակալը ՆԱՏՕ-ի փոխքարտուղարին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունները • Նախագահ Սարգսյանը ՌԴ ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախի բանակցային իրավիճակը • ՀՀ ՊՆ տեղակալն ընդունել է Ուկրաինայի ՊՆ պատվիրակությանը • ՊԲ առաջնագծի աշխատանքները քննարկվել են Արցախի կառավարությունում • ՆԱՏՕ-ի հրահանգիչները դասընթաց են անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտում • Ներկայացվել են զոհված, մահացած և հաշվմած զինծառայողների սոցիալական պաշտպանության ուղղությունները • ՀՀ կառավարությունը հստակեցրել է զինծառայողների՝ արտերկրում բուժման պայմանները • ՀՀ ԶՈւ բժիշկները զորավարժության են մասնակցել Գերմանիայում

Նախագահ Սարգսյանը և նրան ուղեկցող պաշտոնյաները՝ պարգևատրված զինծառայողների հետ

Նախագահ Սարգսյանը և նրան ուղեկցող պաշտոնյաները՝ պարգևատրված զինծառայողների հետ

• Ապրիլի 18-ի գիշերը թշնամու կրակոցներից Արցախի հյուսիսային ուղղությունում վիրավորվել են զինծառայողներ Էրիկ Բորիսի Մաթևոսյանը և Ազատ Տիգրանի Բարսամյանը: Նույն օրը ՊԲ-ն Ակնայում հետ է մղել Ադրբեջանի զինուժի դիվերսիան: Ապրիլի 19-ին թշնամու կրակոցներից Արցախի հարավարևելյան ուղղությունում զոհվել է ՊԲ զինծառայող Գևորգ Գարեգինի Գևորգյանը: Ապրիլի 21-ին ադրբեջանական զինուժի կրակից Արցախի հյուսիսային ուղղությունում զոհվել է ՊԲ զինծառայող Մարատ Ռաֆայելի Դանիելյանը:

• Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից վիրավորվելուց երկու շաբաթ անց մահացել է Սիսիանի՝ Արցախ մեկնած ջոկատի անդամ Կարո Ծերունի Համաբարձումյանը: Ապրիլի 21-ին Արցախի Ջեբրաիլում անհայտ պայմաններում զոհվել է կամավորական Օնիկ Ալբերտի Սահակյանը:

• Ապրիլի 21-ին զենքի մաքրման ժամանակ ծառայակցի արձակած կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող Սպարտակ Քալաշյանը: Նույն օրը ՊԲ զորամասերից մեկի ավտոմեքենայում զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի արձակած կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող Կարեն Արտյուշի Աղաբեկյանը: ՀՀ քննչական կոմիտեում պատահարների առթիվ հարուցվել են քրեական գործեր:

• Ապրիլի 20-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ ադրբեջանական կողմը Արցախին է հանձնել զոհված զինծառայող Արգիշտի Գաբոյանի մարմինը։

• Ապրիլի 18-20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ, քննարկումներ անցկացրել Արցախի իշխանությունների, Պաշտպանության բանակի հրամկազմի հետ և այցելել ՊԲ զորամասեր: Զորամասերից մեկում նախագահն Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պարգևատրել է մի խումբ զինծառայողների:

• Ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալին և ներկայացրել ապրիլի սկզբին Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի մանրամասները:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ինքնապաշտպանվելու և բարելավելու իր անվտանգության միջավայրը», — նշել է Տոնոյանը:

Ապրիլի 22-ին էլ Տոնոյանը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին է ներկայացրել ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացքը, Հայաստան-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև լսարանի ուշադրությունն է հրավիրել ապրիլի 2-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի փաստի վրա:

• Ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սարգսյանը Երևանում ընդունել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և նրա հետ մասնավորապես քննարկվել ապրիլի 2-5-ը Արցախի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:

ՀՀ նախագահի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը

ՀՀ նախագահի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը

• Ապրիլի 18-ին ՀՀ ՊՆ տեղակալ Արա Նազարյանն ընդունել է հակաականային գործունեության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստան եկած Ուկրաինայի ՊՆ պատվիրակությանը և քննարկել հակաականային գործունեության կազմակերպման հարցեր:

• Ապրիլի 20-ին Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Արցախի պաշտպանության, քաղաքաշինության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների պատասխանատուների, շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է ՊԲ առաջնագծի ինժեներական աշխատանքները:

• Ապրիլի 18-21-ին ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբն օպերատիվ պլանավորման գործընթացի դասընթաց է անցկացրել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարաշտաբային դասընթացի ունկնդիրների համար:

Oպերատիվ պլանավորման գործընթացի վերաբերյալ դասընթաց՝ ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի ունկնդիրների համար

Oպերատիվ պլանավորման գործընթացի վերաբերյալ դասընթաց՝ ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի ունկնդիրների համար

• Ապրիլի 18-ին ՀՀ ՊՆ, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաները ներկայացրել են ՀՀ ԶՈւ զոհված, մահացած և հաշվմած զինծառայողներին, նրանց ընտանիքներին տրվող նպաստները և նշանակվող թոշակները: Այսպես. Հայաստանի պաշտպանության մասնակցելիս մարտական հերթապահության ընթացքում կամ հատուկ առաջադրանք կատարելիս հայկական զինուժի զինծառայողների մահվան կամ զոհվելու դեպքում նրանց ընտանիքները պետությունից միանվագ ստանում են 2 մլն դրամ գումար: Իսկ ծառայողական պարտականությունների կատարելիս զինծառայողի զոհվելու կամ մահանալու դեպքում նրա ընտանիքը ստանում է 1 մլն դրամ գումար: Զինծառայողների ընտանիքներին տրվում են նաև այլ նպաստներ և թոշակներ:

• Հայաստանի կառավարությունն ապրիլի 21-ի նիստում որոշում է ընդունել, որով մանրամասնել է զինծառայողների՝ արտերկրում բուժման, կեցության, ճանապարհի ծախսերի գումարի տրամադրման պայմանները:

• Գերմանիայում մարտի 29-ից ապրիլի 24-ն անցկացվող «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովել է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն, բացազատել ու առաջին անգամ արտերկրում գործարկել է ՀՀ զինված ուժերի ամերիկյան EMEDS համակարգի շարժական դաշտային հոսպիտալը:

ՀՀ ԶՈւ ռազմական բժիշկները Գերմանիայում անցկացվող «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժության ժամանակ

ՀՀ ԶՈւ ռազմական բժիշկները Գերմանիայում անցկացվող «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժության ժամանակ

One response to “Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 ապրիլի, 2016

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 ապրիլի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *