ՀՀ նախագահը ՌԴ ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախի ապրիլյան մարտերը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և նրա հետ մասնավորապես քննարկվել ապրիլի 2-5-ը Արցախի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

ՀՀ նախագահի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը

ՀՀ նախագահի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը

Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ սկսելով լայնամասշտաբ ռազմական գործողություններ՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախն Ադրբեջանի հետ ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ և որ Ադրբեջանի այդ գործողությունները բանակցային գործընթացը մղեցին բավականին հեռու մի կողմ:

«Մենք մշտապես այդ գործընթացում կառուցողական ենք եղել, մշտապես վստահ ենք եղել, որ Մինսկի խմբի համանախագահները, վերջիվերջո, կներկայացնեն հարցի լուծման իրենց մոտեցումը, հասցեական կասեն այն կողմի անունը, որը հրաժարվում է այդ առաջարկություններից: Բայց, ցավոք, ադրբեջանցիները համարեցին, որ իրենք կարող են անպատիժ խախտել դեռևս 1994-1995թթ. ստորագրված համաձայնագիրը և այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել այս երկարատև բանակցությունների ընթացքում, — նշել է նախագահ Սարգսյանը: — Մենք այս փուլը սկսել ենք 2007 թվականին: Ինը տարվա ընթացքում մենք այդ գործընթացի ակտիվ վկան ու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք»:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ ռուսաստանյան կողմը խորապես անհանգստացած է կատարվածով և առաջին իսկ րոպեներից ձգտել է կասեցնել այն համաձայնագրերի խախտումները, որոնք ստորագրվել են 94-95թթ. և ունեն անժամկետ բնույթ:

Լավրովն ասել է. «Իրավիճակը դեռևս մինչև վերջ չի կայունացել, և մենք ելնում ենք նրանից, որ տվյալ փուլում շատ կարևոր է կյանքի կոչել այն, ինչի մասին Դուք պայմանավորվել եք Ադրբեջանի նախագահի հետ դեռևս 5 տարի առաջ Ռուսաստանի միջնորդությամբ՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների, միջադեպերի կանխման և վստահության միջոցների մասին, որպեսզի առավելագույնս նվազեցվի, նույնիսկ պարզապես տեխնիկական քայլերի միջոցով, առճակատման բռնկման հնարավոր որևէ վտանգ»:

Լավրովը նշել է, որ համապատասխան հանձնարարություններ տրվել էին ԵԱՀԿ-ին, և ռուսաստանյան կողմն այժմ ցանկանում է, որ գերմանական նախագահությունը դրանով ակտիվ մտահոգվի:

«Ես հասկանում եմ, ինչ էիք Դուք ասում, Սե՛րժ Ազատի, իհարկե, այն մասին, որ հիմա դժվար է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Իրավիճակը պետք է փոքր-ինչ հանդարտվի, և մարդիկ պետք է մի փոքր հանգստանան, — ասել է ՌԴ ԱԳ նախարարը, — ես Ձեզ հետ համաձայն եմ, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա, ինչը նշանակում է՝ պետք է շարունակել ջանքեր ներդնել քաղաքական կարգավորման ուղղությամբ»:

Լավրովը նշելէ , որ եթե հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, եթե թեկուզ նախանշվեին ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, դա ոչ միայն կարևոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաև զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար: Բայց լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը:

«Մենք փորձել ենք, փորձում ենք և կփորձենք օգնել համանախագահների՝ ամերիկացիների, ֆրանսիացիների հետ միասին: Մենք ունենք միասնական դիրքորոշում, և ինչպես հասկանում եմ, Հայաստանը սատարում է այդ դիրքորոշմանը, որ համանախագահների եռյակը` ԵԱՀԿ-ի հետ միասին պետք է շարունակի իրականացնել հիմնական համակարգողի գործառույթը՝ համապատասխան այն մանդատի, որը կողմերը համաձայնել են տրամադրել այդ մեխանիզմին, — հայտարարել է Լավրովը: —Եվ մենք չենք ողջունում զուգահեռ ինչ-որ ուղիներ փնտրելու, մեխանիզմներ ստեղծելու փորձերը, որոնք չեն վայելում բոլոր կողմերի վստահությունը: Դա միայն կշեղի հիմնական խնդրից՝ ապահովել անվտանգություն, թույլ չտալ նոր զոհեր և, այնուամենայնիվ, ստեղծել քաղաքական գործընթացի համար պայմաններ»:

Ավելացնենք, որ մինչ ՀՀ նախագահի հետ հանդիպումը, Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպել է նաև ՀՀ արտգործնախարարին և նրա հետ միասին ասուլիս ունեցել, որի տեսագրությունը ներկայացնում ենք ստորև:

One response to “ՀՀ նախագահը ՌԴ ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախի ապրիլյան մարտերը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *