ՊԲ առաջնագծի աշխատանքների վերաբերյալ խորհրակցություն է անցկացվել Արցախի կառավարությունում

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 20-ին խորհրդակցություն է անցկացրել Արցախի պաշտպանության, քաղաքաշինության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների պատասխանատուների, շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության կայքը:

Խորհրդակցության ընթացքում Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը զեկուցել է ընթացիկ իրավիճակի մասին՝ ներկայացնելով ՊԲ առանձնացրած խնդիրներն ու կարիքները:

Շինարարական ընկերությունների ղեկավարներն իրենց հերթին ներկայացրել են աշխատանքների կազմակերպման և տեխնիկական հնարավորությունների հետ կապված մանրամասներ՝ պատրաստակամություն հայտնելով առավելագույնս աջակցել առաջնագծի ամրացման աշխատանքներին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին՝ վերջին շրջանի ռազմական
գործողություններից հետո առաջնագծի ամրացման ինժեներական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար:

«Այս պահին առաջնագծում ինժեներական աշխատանքներն ընթացքի մեջ են, և մոտակա ժամանակներում էլ առաջնահերթորեն պարտավոր ենք զբաղվել այդ ուղղությամբ», — ասել է Հարությունյանը:

Արցախի վարչապետը նշել է, որ, ըստ անհրաժեշտության, պետական պատվերի վերանայում է կատարվելու, և կառավարությունը համապատասխան միջոցներ է տրամադրելու ընկերություններին՝ աշխատանքների ժամանակին և արդյունավետ կազմակերպման նպատակով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցեր: Արայիկ Հարությունյանը կարևորել է համակարգի պատրաստականության աստիճանի բարձրացման նշանակությունը և տվել է համապատասխան հանձնարարականներ այդ ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *