Ադրբեջանի նախագահը «ազգային հերոսի» կոչում է տվել անանուն զինվորականների

Այսօր` ապրիլի 19-ին, Ադրբեջանի նախագահի հրամանագրով ապրիլի 2-5-ին «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» պահպանման համար տարբեր գերատեսչական մեդալներով, շքանշաններով և նույնիսկ «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչումով պարգևատրվել են բազմաթիվ զինծառայողներ, որոնց անունները, սակայն, Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հրապարակել: Ադրբեջանի նախագահի հրամանագրի մասին ժամեր առաջ հայտնել է այդ երկրի նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ խրախուսված զինծառայողների թվում են` «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչման արժանացած, «Ադրբեջանի դրոշի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիր, «Հայրենիքի համար», «Արիության համար» և «Զինվորական ծառայության համար» մեդալներով պարգևատրված զինծառայողներ, որոնք մասնակցել են ապրիլի 2-5 ժամանակահատվածում գրանցված ակտիվ ռազմական գործողություններին:

Սակայն հետաքրքրական է, որ ադրբեջանական ժողովրդի նորօրյա «հերոսների» անունները մինչ այժմ գաղտնի են պահում: Կարելի է ենթադրել, որ պարգևատրվածների շարքում են նաև ադրբեջանական կողմի սպանված զինծառայողներ, որոնց կորուստը Ադրբեջանը փորձում է թաքցնել:

Հիշեցնենք, որ ապրիլի 1 լույս 2-ի գիշերը Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումները լայնածավալ ռազմական գործողություններ էին սկսել Արցախի պաշտպանության բանակի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով` օգտագործելով նաև զրահատեխնիկա, հրթիռահրետանային զորատեսակներ, ավիացիա:

Ապրիլի 2-5-ը տևած ակտիվ ռազմական գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ: Ներկայումս Ռազմինֆոյին հաջողվել է պարզել միայն 94 սպանված ադրբեջանական զինծառայողի ինքնություն, որոնց շարքում են մեկ գնդապետ և երկու փոխգնդապետներ, ինչպես նաև հատուկջոկատային մայորներ, կապիտաններ, ավելի ցածր սպայական կազմի ներկայացուցիչներ, ենթասպաներ, պայմանագրային և ժամկետային զինծառայողներ:

Հատուկ շեշտենք, որ Ադրբեջանի զինուժի կորուստները բազմապատիկ ավելի շատ են, սակայն մնացած սպանված և վիրավոր զինծառայողների անունները դեռ չի հաջողվել ճշտել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *