Հայաստանի պաշտպանության մասնակցելիս մարտական հերթապահության ընթացքում կամ հատուկ առաջադրանք կատարելիս հայկական զինուժի զինծառայողների մահվան կամ զոհվելու դեպքում նրանց ընտանիքները պետությունից միանվագ ստանում են 2 մլն դրամ գումար: Այս մասին, ըստ հայաստանյան Panorama.am լրատվակայքի, հայտնել է ՀՀ ՊՆ զինծառայողների սոցպաշտպանության վարչության բաժնի պետ Մարտին Մկրտչյանը:
Իսկ ծառայողական պարտականությունների կատարելիս զինծառայողի զոհվելու կամ մահանալու դեպքում նրա ընտանիքը ստանում է 1 մլն դրամ գումար: Նշված գումարները, սակայն, չեն տրամադրվում, եթե զինխառայողի մահը կանխամտածված օրինազանցության հետևանք է:
ՊՆ պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ զինծառայողի մահվան կամ զոհվելու դեպքում նրա ընտանիքին տրամադրվում են նաև հուղարկավորման ծախսերի (700 հազար դրամ) և տապանաքարի տեղադրման, գերեզմանի բարեկարգման (1 մլն 400 հազար դրամ) գումարներ:
Զոհված զինծառայողների ընտանիքներին պետությունը տարին մեկ տրամադրում է նաև 100 հազար դրամ հետևյալ դեպքերում.
- Զինծառայողի ընտանիքի անդամի ամուսնություն,
- Տարերային աղետի հետևանքով զինծառայողի ընտանիքի անդամի գույքի վնասում,
- Զինծառայողի ընտանիքի անդամի երկարատև հիվանդություն,
- Զինծառայողի ընտանիքի անդամի մահ:
ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ սրանից բացի, կերակրողին կորցնելու դեպքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվում է նաև կենսաթոշակ, ինչպես նաև ընտանիքի անդամներն օգտվում են անվճար բուժսպասարկումից, իսկ նրանց երեխաները բուհեր ընդունվում են մրցույթից դուրս և սովորում են պետության հաշվին, փոխանցում է Panorama.am լրատվակայքը:
Հայաստանյան Tert.am կայքն իր հերթին հայտնում է, որ ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի տեղակալ Սմբատ Սաիյանի՝ կերակրողին կորցնելու դեպքում զոհված զինծառայողների ընտանիքները ստանում են զինվորական կենսաթոշակ:
«Բացի դա, ի լրումն զինվորական կենսաթոշակի զոհված զինծառայողների ընտանիքներին նշանակվում և վճարվում են նաև պարգևավճարներ: Ի լրումն զինվորական կենսաթոշակի՝ յուրաքանչյուր երեխային վճարվում է 16 հազար դրամ պարգևավճար, իսկ ընտանիքի այլ անդամներին՝ ծնողներին, ամուսնուն, 13 հազար դրամի պարգևավճար: Աշխատանքային կենսաթոշակ ստացող ընտանիքի անդամը ստանում է 31 հազար դրամ պարգևավճար և ևս 30 հազար դրամ, որ տրվում է ընտանիքի բոլոր անդամներին տրվում է հավելում յուրաքանչյուր երեխայի համար մինչև 18 տարին լրանալը 20 հազար դրամ», — Սաիյանի խոսքերը փոխանցում է Tert.am լրատվակայքը:
Բացատրելով օրինակի վրա՝ պաշտոնյան տեղեկացրել է, որ եթե զոհված զինծառայողը երկու անչափահաս երեխա ունի և կին, ով խնամում է երեխաներին, ապա սպայական կազմի զինծառայողի դեպքում այդ գումարը կկազմի մոտ 250 հազար դրամ, իսկ սպայականից բացի պայմանագրային կազմի այլ զինծառայողների պարագայում կկազմի մոտ 200 հազար դրամ ամսական:
Քանի որ ժամկետային զինծառայողների դեպքում երեխաներ ունենալն ավելի քիչ հավանական է, ըստ Սաիյանի՝ պարգևավճարները հաշվարկվում են ծնողներին: «Յուրաքանչյուր ծնող, ով կստանա կենսաթոշակ կամ հետագայում, երբ կհասնի կենսաթոշակ ստանալու տարիքին, ի լրումն իր աշխատանքային կենսաթոշակի կստանա նաև լրացուցիչ ևս 31 հազար դրամ, և ևս 30 հազար դրամ ընտանիքին», — նշել է Սաիյանը:
Հայաստանյան «Արմենպրես» գործակալությունն էլ տեղեկացնում է, որ հայրենիքի պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած անձանց, զինվորական կենսաթոշակից բացի, նշանակվելու են նաև ամսական պարգևավճարներ: Այս մասին նույնպես տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի տեղակալ Սմբատ Սաիյանը:
Մասնավորապես, սպաների դեպքում առաջին, երկրորդ և երրորդ խմբերի հաշմանդամության միջին կենսաթոշակը համապատասխանաբար 54, 50 և 35 հազար դրամ է: Դրան որպես հավելում զինծառայողներին կտրվի նաև համապատասխանաբար 55, 48 և 36 հազար դրամ պարգևավճար:
Պայմանագրային զինծառայողների դեպքում այդ գումարն ավելի պակաս կլինի՝ պայմանավորված նրանց ստացած աշխատավարձի չափով (պայմանագրայինների աշխատավարձերը տարբեր են՝ կախված ծառայության պայմաններից):
«Իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանված է հաշմանդամության 36, 26 և 18 հազար դրամ կենսաթոշակ և ի լրումն դրա` նրանք կստանան նաև պարգևավճար 55, 48 և 36 հազար դրամի չափով», — պաշտոնյայի խոսքերը մեջբերում է «Արմենպրես» գործակալությունը:
Սաիյանը տեղեկացրել է նաև, որ 1994-ից հետո առաջին անգամ մարտական գործողություններում զոհվել են նաև կամավորներ, մինչդեռ սոցիալական պաշտպանության երաշխիքներ սահմանված էին միայն զինծառայողների համար: Կամավորների ընտանիքներին նույնպես օգնելու նպատակով, ըստ պաշտոնյայի, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մինչև ապրիլի 20-ը կառավարությանն է ներկայացնելու զոհված զինծառայողների և կամավորների ընտանիքների սոցիալական պաշտպանության խնդիրների լուծման տարբերակներ:
Նշվում է, որ սոցիալական պաշտպանության նշված բոլոր տարբերակները վերաբերում են ոչ միայն ապրիլյան մարտերի հետևանքով, այլև մինչ այդ զոհված և հաշմված զինծառայողների ընտանիքներին:
Pingback: Կառավարությունում ներկայացրել են զոհված զինծառայողների օգնելու ուղղությամբ կատարվող աշխատանքները | Ռազմ.info
Pingback: Կառավարությունը սոցիալական երաշխիքներ է սահմանել կամավորականների համար | Ռազմ.info
Pingback: Ապրիլյան պատերազմին մասնակից ուսանողների վարձերը զեղչվելու են | Ռազմ.info