Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՊԲ ստորաբաժանումների և տարածքային կառավարման օղակների փոխգործակցության, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիներին ու բնակավայրերին հասցված նյութական վնասի վերականգնման և այլ հարցեր: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:
Զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանը, վարչակազմերի և այլ մարմինների ղեկավարները:
Արցախի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նշենք, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի զինուժի սկսած մարտական գործողությունների հետևանքով զգալի վնասներ են հասցվել Արցախի Թալիշ և Մարտակերտ բնակավայրերին: Ներկայում շարունակվում է այդ բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնումը: